
Կառավարությունը հաստատեց Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու՝ պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը։ Ըստ որոշման՝ հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշակառուները և նպաստառուները վճարումներն անկանխիկ ձևով կատարելու դեպքում հաջորդ ամիս անկանխիկ գործարքների հանրագումարից կստանան 10% հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ ցանկացած առևտրի կետում, կոմունալ վճարների դեպքում կենսաթոշակառուն բանկային քարտով վճարելու դեպքում հաշվառվելու է, և տասը տոկոսի չափով գումարը վերադարձվելու է։ Իսկ թե ինչու հենց հինգ հազար դրամ, նա ասաց․ «Սրա պատճառն այն է, որ կենսաթոշակների մի քանի շերտեր կան, կան արտոնյալ կենսաթոշակներ, որով քաղաքացիները 200 հազար և ավելի կենսաթոշակներ են ստանում, այստեղ դիսբալանս չենք ուզում ստեղծենք»,– ասաց նա։
Վարչապետն ասաց, որ այսպիսով ամեն ամիս, հուլիսի մեկից սկսած, այդ հինգ հազար դրամը հետ կնստի թոշակառուի հաշվին և այս ծրագիրը սկզբնական անում են վեց ամսով և գուցե հետագայում ավելի լավարկեն։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նկատեց, որ թոշակառուն հենց ստանում է թոշակը, միանգամից կանխիկացնում է, և որպեսզի կարողնան օգտվել քարտային համակարգից, կարևոր է սոցիալական ռոլիկներ ունենալ, որ օգնեն սովորեցնել նրանց։
Վարչապետն ասաց, որ այնպիսի որոշում պետք է կայացնեն, որ ընդհանուր շղթայի մեջ լինի։ Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք կարող է հավաքել թոշակը և մի քանի ամիս հետո գնում անելու դեպքում կլինի այդ 10 տոկոսի զեղչը, պարզաբանվեց, որ դա հնարավոր չէ, և միայն մեկ ամսվա զեղչից կարող է օգտվել։ «Սա սոցիալական ծրագիր է, մենք ուզում ենք աջակցել այն մարդկանց, որոնք այդ ճոխությունը իրենց թույլ չեն տա, հակառակ դեպքում կստացվի, որ եթե կենսաթոշակառուն հնարավորություն ունի, հավաքում է իր թոշակը, վերջում օրինակ՝ «Մերսեդես» է գնում, մենք տասը տոկոս զեղչ պետք է անենք։ Վատ գաղափար չէ, բայց այս փուլում ձեռնպահ կմնանք այդ տրամաբանությունից»,– ասաց նա։
Նշենք, որ ըստ հիմնավորման՝ այս նախագծի ընդունման կապակցությամբ 2022 թվականի պետական բյուջում տեղի կունենա ծախսերի ավելացում մինչև 5.66 մլրդ դրամի չափով։