Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանն համայնքապետարանի ոլորտային մասնագետների հետ այցելել է Լուկաշին և Մայիսյան գյուղեր` տեղում հետևելու ընթացիկ աշխատանքներին, ծանոթանալու հրատապ լուծում պահանջող խնդիրներին:
Լուկաշին գյուղում ավարտական փուլում են դպրոց տանող ճանապարհի սալիկապատման աշխատանքները: Ճանապարհը և մայթերը սալիկապատվում են տեղական տուֆով` համապատասխան տեխնոլոգիայով: Աշխատանքներն իրականացվում են պետական համաֆինանսավորման ծրագրի շրջանակներում:
Ծրագրի արժեքը 25.6 միլիոն դրամ է:
Լուկաշինի մանկապարտեզում համայնքի ղեկավարը ծանոթացավ շենքային պայմաններին ու ուսումնական գործընթացի կազմակերպմանը:
Այս տարի սուբվենցիոն ծրագրով նախատեսված է մանկապարտեզի ջեռուցման և օդափոխության համակարգերի կառուցում` ավելի քան 16 միլիոն դրամ արժողությամբ, ինչը հնարավորություն կտա մանկապարտեզին աշխատելու նաև ձմռան ամիսներին:
Լուկաշինում այց կատարվեց նաև Մշակույթի տուն և համայնքային գրադարան:
Մայիսյան գյուղ շրջայցին համայնքի ղեկավարը եղավ նախկին «Այգեգործական» թաղամասում` ծանոթանալու ծայրամասային թաղամասի խնդիրներին: Բնակիչների հետ հանդիպման ժամանակ կարևորվեցին ոռոգման համակարգի նորոգման և լուսավորության ցանցի անցկացման հարցերը:
Առաջիկայում հստակ աշխատանքներ կիրականացվեն առաջնային լուծում պահանջող խնդիրների լուծման ուղղությամբ: