Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Հայաստանի և Խորհրդային Միության ժողովրդական արտիստ, ազգային կինոյի նշանավոր ռեժիսոր Հենրիկ Մալյանի հոբելյանն է: Նա կդառնար 95 տարեկան:

Հայաստանի կինոարվեստի և թատերարվեստի գործում մեծ է Մալյանի ավանդը: Նա մի ռեժիսոր է, որի արվեստը տասնամյակներ ի վեր ուղենիշ է կինոռեժիսորների և արվեստագետների համար:

Մալյանական ֆիլմերն ունեն փոքրիկ սյուժե, բայց չափազանց խորն են և նուրբ, որտեղ վարպետը բարձրացնում է պարզ ու հավիտենական ճշմարտություններ:

Կինոյի հանդեպ անսահման սերն օգնել է Մալյանին հաջողության հասնել և դառնալ 20-րդ դարի լավագույն հայ ռեժիսորներից մեկը: Նա իր ֆիլմերով մեծ ներդրում է ունեցել հայ կինոյի զարգացման գործում:

Շարունակելով ազգային մշակույթի ավանդույթները՝ Հենրիկ Մալյանն իր արվեստով բացահայտել է կինոմտածողության դրսևորման փայլուն օրինակներ՝ անդրադառնալով հայի ինքնությանը, հայի տեսակի հաստատմանը: Միևնույն ժամանակ, լինելով ընդգծված ազգային մտածողության ռեժիսոր, նա հաստատել է համամարդկայն արժեքները:

Մալյանը հայկական կինոյին նվիրել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Նվագախմբի տղաները», «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկ», «Նահապետ», «Կտոր մը երկինք», որոնք ընդմիշտ ներառվել են հայկական կինոյի ոսկե ֆոնդում։

Վարպետը չափազանց կարևորել է թատրոնը, ժամանակին ստեղծել է թատերախումբ, որը դուրս էր կաղապարներից, ազատ էր ու նորարարական: Այստեղ էլ հանդիսատեսը սիրել և ընդունել է մալյանական բեմադրությունները:

Մալյանի ձեռքն այսօր էլ ժամանակի զարկերակին է: Իր արվեստով, ստեղծագործական կյանքով նա հաստատել է հայ մտավորականի խորաթափանց, իմաստուն և ազգանվեր նկարագիրը:

112