Պատերազմող կողմերին  ուղղված կոչերը, հայտարարությունները  մեծ ազդեցություն չեն կարող ունենալ: Պետք է նաև դիվանագիտական խողովակներով ճնշում գործադրվի Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա: Araratnews.am-ին ասաց «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի անդամ, իրավաբան Արտաշես Խալաթյանը: 

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի անդամի խոսքով՝ նման կոչերը  պետք է համակցության մեջ դիտարկել. պետք է  քաղաքական այլ գործիքակազմ կիրառվի, որ ռազմական ագրեսիան դադարի: 

Արտաշես Խալաթյանի կարծիքով՝ միջազգային հանրությունը, տեսնելով հայկական կողմի արհեստավարժ, արիաբար կռվելը,  արդեն սկսել է քաղաքական եւ իրավական գործընթացներ: 

Նա հիշեցրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունը, որը, սակայն, չպետք է միայն թղթի վրա մնա, պետք է ուղեկցվի ճնշումներով: 

Ինչ վերաբերում է պատերազմող կողմերին ուղղված  հայտարարությունների իրավական բաղադրիչին, Արտաշես Խալաթյանը մեջբերեց ՄԱԿ-ի ԱԽ հայտարարությունը: «ՄԱԿ-ի ԱԽ-ը փաստացի Ադրբեջանին մեղադրեց  նախահարձակ լինելու համար: Նա չընդունեց նրա՝ Հայաստանի հարձակվելու մեղադրանքը: Դա նշանակում է՝  Հայաստանն անհատական ինքնապաշտպանական ռեժիմում է: Այսինքն՝  հարձակման ենթարկված պետությունը կարող է ամեն ինչ անել՝ իր տարածքային ամբողջականությունը, իր ժողովրդին պաշտպանելու համար: Ուստի, Հայաստանն իրավական առումով շահեկան դիրքում է»,- վերլուծում է իրավաբանը: 

Մասնագետի խոսքով՝ եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդուներ բանաձեւ, ապա իրավապարտադիր ուժ կունենար, մինչդեռ հիմա արտերկրից  հնչող ելույթները փափուկ իրավունքի գործիք են: «Միջազգային իրավունքը նաև քաղաքական շատ հստակ  տարր է պարունակում: Ադրբեջանը եւ Թուրքիան ագրեսիվ պատերազմ են մղում Հայաստանի դեմ: Իսկ դա միջազգային հանցագործություն է միջազգային քրեական դատարանի համար: Ու քանի որ հիմա միջազգային հանրությունը արձագանքներ է հավաքում, դրանք, ՄԱԿ-ի հայտարարությունը կարող են նշանակություն ունենալ»,- ավարտեց իր խոսքը «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի անդամ, իրավաբան Արտաշես Խալաթյանը: 

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան  Ադրբեջանը լայնածավալ պատերազմ է սկսել  Արցախի դեմ: Թշնամին կրակում է նաև Արցախի խաղաղ բնակիչների վրա, օգտագործում իր ամբողջ զինանոցը:

Սոնա Դավթյան

 

562