Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ի պատասխան լրատվամիջոցներում հայտնված «Որսագողություն Խոսրովի անտառում. ջրատար առվի մեջ հայտնաբերվել է Կարմիր գրքում գրանցված, վնասվածքներով սատկած բեզոարյան այծ» վերտառությամբ գրառման, հայտնում ենք հետևյալը։

Տեղեկատվությունը ստանալուց հետո Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննական բաժնի աշխատակիցները օպերատիվ տեղեկությունն իրացնելով անմիջապես մեկնել են դեպքի վայր։
ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծը հայտնաբերվել է Վեդու ջրամբարի ճանապարհին՝ Ուրցաձոր համայնքի վարչական տարածքում:

Նշանակվել է փորձաքննություն:

Շրջակա միջավայրի նախարարությունը դատապարտում է նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ։

Կենսաբազմազանությունը բնական ժառանգություն է, որն անհրաժեշտ է պահպանել և փոխանցել ապագա սերունդներին, հատկապես նկատի առնելով դրա կենսական նշանակությունը և այն էկոհամակարգային ծառայությունները, որոնք այն ապահովում է։ Հորդորում ենք զերծ մնալ անօրինական գործողություններից և պահպանել Հայաստանի կենդանական աշխարհը։

Հիշեցնում ենք, որ Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին ՀՀ օրենքի համաձայն Բեզոարյան այծի որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագինը կազմում է 3 մլն ՀՀ դրամ։

Եթե իրավախախտման արդյունքում պատճառվել է խոշոր վնաս, ապա իրավախախտը ենթակա է քրեական պատասխանատվության համապատասխան օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, այն է՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` 4-6 ամիս ժամկետով։

Հայաստանի կարմիրգրքյան կենդանատեսակների պահպանության համար պատասխանատու ենք բոլորս։ Պետք է գիտակից ու սրտացավ վարք դրսևորենք բնության հետ շփման ժամանակ»:

621