Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ամփոփել է Եվրոպայի առաջնության արդյունքները։ 

«Իմ գլխավոր մարզիչ գալու շրջանում հենց այնպես մարզիկ չի կարող գնալ մասնակցել մեծահասակների մրցումներին՝ լինի Եվրոպա, աշխարհ թե օլիմպիադա»,- մամուլի ասուլիսին ասաց Ալավերդյանը՝ հավելելով. «Մեր պետության վիճակը այնպիսին չէ, որ 17, 18, 19-րդ տեղերն ընկնենք, հետո ասենք այս անգամ այսպես եղավ։ Դա մրցափորձում չէ։ Մրցափորձումը՝ դա Հայաստանի առաջնությունն է, տարբեր մրցաշարերն են»։ 

«Տուն ենք վերադարձել երկամարտի 7 մեդալով։ Ընդհանուր հաշվով 19 մեդալ ենք նվաճել, որից 4-ը՝ առաջին տեղ, 9-ը՝ երկրորդ տեղ և 6-ը՝ երրորդ տեղ։ Թիմային հաշվարկով էլ երկրորդն ենք, ոչ թե երրորդը»,- ասաց մարզիչը։

Նա նշեց, որ կտրուկ սերնդափոխություն չի անում, և այդ սերնդափոխությունը ընթացքում է լինում։ 

«Եթե այսօր Տալախաձեն հիվանդ էր և 50 կգ պակաս է բարձրացրել, դա չի նշանակում, որ վաղը պիտի նրան հաղթես։ Պետք է ճշմարիտ գնահատել։ Ամեն քայլը պետք է անել մտածված»,- ասաց Ալավերդյանը՝ անդրադառնալով գերծանր քաշային վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեի հետ մրցակցությանը։ Նաև շեշտեց, որ Վարազդատը այն երիտասարդն է, որը շատ արագ արդյունքների է հասնում։ 

Հռիփսիմե Խուրշուդյանը առաջին հայ աղջիկն է, որը 2022 թվականին մասնակցեց միջազգային մրցաշարի և գրավեց երրորդ տեղը։ 

«Հռիփսիմեի համար շատ դժվար է լինելու։ Չկա մի մարզիկ, որ երկար դադարից հետո վերադարձել է և հասել է մեծ արդյունքների։ Տա Աստված, որ Հռիփսիմեն ինձ հակառակն ապացուցի»,- նշեց Ալավերդյանը։ 

991