Երևանում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի առաջնության արդյունքներից գոհ է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։ 

Ալավերդյանը նշեց, որ ի սկզբանե դեմ է եղել առաջնության անցկացմանը․ «Ի սկզբանե դեմ էի Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելուն։ Ոչ թե ես վախենում էի պարտությունից, այլ կային պատճառներ, բայց մենք փառքով և պատվով ավարտեցինք մրցումները»։ 

Տղաների մրցելույթները նա որակավորեց փառահեղ․ «Տղաների այս փառահեղ ելույթը այնպիսի երևույթ է, որ նույնիսկ ԽՍՀՄ-ն կամ Բուլղարիան չեն կարողացել 10-ից 10 մեդալ բերել»։ 

«Երեք երիտասարդ մարզիկ միացան այս մրցումներին, և դա իմ աշխատանքի բնույթն է, որպեսզի սերնդափոխությունը չերևա։ Անընդհատ երիտասարդ մարզիկներով հավաքականը համալրվում է, որպեսզի այն մարզիկներին, որոնք արդեն ավարտել են մրցելույթները, անմիջապես արժանապատիվ փոխարինող լինի»,- ասաց Ալավերդյանը մամուլի ասուլիսի ժամանակ։  

Փարիզ-2024 օլիմպիական խաղերին Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային թույլ են տվել ներկայացնել 6 մարզիկի երկու հավաքականից․ «Հաջորդ օլիմպիական խաղերին մասնակցելու համար մեզ թույլ են տվել ներկայացնել 3 տղա և 3 աղջիկ։ Եվ Փարիզում ինձ միայն մասնակցություն չէ պետք, այլ՝ որ այնտեղից էլ պատվով գան»։ 

Ալավերդյանին գոհացրել է Անդրանիկ Կարապետյանի մրցելույթը․ «Ես գոհ եմ իմ աշխատանքից, որովհետև Կարապետյան Անդրանիկը 89 կգ պոկում վարժությունում 4 քաշային կարգից շատ բարձրացրեց։ Նման դեպք եղել է Յուրի Վարդանյանի մոտ, և դա մենք համարել ենք ֆենոմեն, բայց սա դեռ ֆենոմեն չէ»։ 

Ինչ վերաբերվում է կանանց մրցելույթներին, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ալավերդյանը գոհ է նրանց մրցելույթներից, բայց նշեց, որ, ցավոք, մեդալակիրների քաշերը օլիմպիական չէին։

3498