
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ անելու մասին օրենքը, որի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն է:
Հեղինակը նախագծով առաջարկում է ներհամայնքային փոխադրումների համար մրցույթին ներկայացվող տրանսպորտային բոլոր միջոցների համար սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պարտադիր պահանջ, հստակեցնել ավտովարորդների պարտականությունները՝ հաշմանդամություն ունեցող ուղևորների փոխադրումը կազմակերպելու ընթացքում և սահմանել մատչելիության նորմերի պահպանման պահանջ ավտոկայարանային գործունեության կազմակերպման համար:
«Տարիներ շարունակ բարեփոխումների և ներդրումային ծրագրերի ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներն անտեսվել են, ոչ ֆորմալ կերպով նրանց հորդորել են՝ «սպասեք մեծամասնության կարիքները բավարարենք, ձեր մասին հետո կմտածենք»: Հայաստանում չկան առաջնային և երկրորդական քաղաքացիներ, եթե մենք տրանսպորտային խնդիր ենք լուծում, ապա այդ լուծումը պետք է լինի բոլոր քաղաքացիների համար հավասար և համաժամանակ»,- նշել է Զարուհի Բաթոյանը, հավելելով, որ այս բարեփոխումը ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, այլ նաև համայնքների* զարգացման անհրաժեշտությունից է բխում:
Օրենքի նախագծով սահմանվում է նաև, որ մինչև օրենքի ուժի մեջ մտնելն արդեն գործող ներհամայնքային երթուղիները պետք է պահպանեն մատչելիության պահանջները նոր տրանսպորտային միջոցներով համալրման կամ փոխարինման դեպքում:
Միջմարզային և ներմարզային կանոնավոր երթուղիների մրցույթին ներկայացվող հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տրանսպորտային միջոցների նվազագույն քանակը, գործող կարգավորումների համաձայն, կշարունակի սահմանել ՀՀ կառավարությունը:
*Համայնքը մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակիչների հանրություն է և վարչատարածքային միավոր (ՏԻՄ օրենք, հոդված 4):