«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Վրաստանը կարող է ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ չստանալ, իսկ Ուկրաինայի հետ կապված հարցն ամեն ինչում դրական է լուծվել։ Եվրահանձնաժողովը հիմնականում աջակցում է նաև Մոլդովային։ Վրացական իշխանությունները կոշտ են արձագանքել դրան՝ խոստանալով «անարդար որոշման» դեպքում հրապարակել ողջ ճշմարտությունը կատարվածի մասին։ Թբիլիսիի համար տհաճ լուրը հրապարակվել է ամերիկյան «Politico» պարբերականում: Հոդվածում շեշտվում է, որ Ուկրաինայի հետ կապված խնդիրը լուծված է, Մոլդովան ունի ամուր եվրոպամետ կառավարություն, մինչդեռ Վրաստանը տառապում է քաղաքական անկարգություններից և «նկատելի ժողովրդավարական հետընթացից»։ Այս լուրը, ամենայն հավանականությամբ, դուր է եկել Կիևին։ Օրերս Ուկրաինայի փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան, ով պատասխանատու է եվրաինտեգրման համար, մտահոգություն է հայտնել՝ կապված այն բանի հետ, որ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հայտերը կարող են ներառվել մեկ ընդհանուր փաթեթում։ Նրա կարծիքով՝ դա կարող է բարդացնել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացը, քանի որ այդ երկիրը «նկատելիորեն առաջ է անցել մյուս երկուսից»։ Թբիլիսիում, սակայն, միանգամայն այլ կարծիք ունեն: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում հայտարարել է. «Եթե ինչ-որ մեկը պետք է թեկնածուի կարգավիճակ ստանա, դա Վրաստանն է: Եվ միայն հետո՝ Ուկրաինան ու Մոլդովան: Մենք կարգավիճակ ենք պահանջում, որին վրացի ժողովուրդն արժանի է 30 տարվա պայքարի և ժողովրդավարության շինարարության համար»: Միևնույն ժամանակ Ղարիբաշվիլին շեշտել է, որ եթե կարգավիճակի տրամադրումը որոշվում է պատերազմով, «մենք պատերազմ չենք ուզում»: Վարչապետն ասել է, որ վերջնական որոշման է սպասում հունիսի 23-ին և 24-ին, և եթե Վրաստանին մերժեն թեկնածուի կարգավիճակ տալ, ապա Թբիլիսին պատրաստ է ողջ ճշմարտությունն ասել այդ գործընթացի մասին: Թե կոնկրետ ինչ է ենթադրել Ղարիբաշվիլին, այնքան էլ պարզ չէ, սակայն զգուշացումը բավական չարագուշակ է հնչում»: 

804