
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Երևանի պետական համալսարանում գործում են նախապատրաստական դասընթացներ, որոնք միտված են դիմորդներին և աշակերտներին բուհ ընդունվելու համար նախապատրաստելուն: Դասընթացների բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արշալույս Գալստյանն ասում է` ժամանակին համալսարանն ուներ զրո կուրս, որը բովանդակային առումով նույնն էր, ինչ այս դասընթացները:
«Վերջին 15-20 տարվա ընթացքում Հայաստանում ընդունելության քննությունները միասնական դարձան, կազմակերպվում են Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից: Այդ ժամանակվանից սկսած համալսարանում արդեն կազմակերպվել են նախապատրաստական դասընթացներ: Որքան հիշում եմ, գոնե վերջին երեսուն տարում ԵՊՀ-ն այդ դասընթացներն ունեցել է, ուղղակի այս տարիների ընթացքում որոշակի կազմակերպչա-իրավական ձևափոխումներ են եղել, որոնք պայմանավորված են եղել դիմորդների` ընդունելության քննություններին մասնակցելու ձևաչափի փոփոխությամբ», «Փաստի» հետ զրույցում ասում է Գալստյանը:
Ընդգծում է` նախապատրաստական դասընթացներին գրանցվում են ավարտական դասարանների աշակերտներ և արդեն դպրոցն ավարտած շրջանավարտներ, բոլոր նրանք, ովքեր նպատակ ունեն հաջորդ ուստարում դիմելու բուհերի համապատասխան մասնագիտություններով: «Ըստ էության` դասընթացները նույն պարապմունքներն են, որոնք դիմորդը նախընտրում է կրկնուսույցի, ուսուցչի, դասախոսի մոտ պարապելուց:
Պարզապես այս դեպքում դրանք անհամեմատ ավելի մատչելի են, կազմակերպվում են ԵՊՀ-ում, այստեղ է կատարվում նաև վճարումը: Ապագա ուսանողների հետ պարապում են ԵՊՀ այն դասախոսները, որոնք դիմորդների հետ աշխատելու փորձ ունեն, ներգրավված են շտեմարանների կազմման աշխատանքներում, ծանոթ են ընդունելության կարգերին, այլ կերպ ասած` գրանցվելով նախապատրաստական դասընթացներին, դիմորդը հոկտեմբերի մեկից մինչև մայիսի 31-ը ԵՊՀ-ում հանրակրթական իր նախընտրած առարկայի ընդունելության ծրագիրն ուսումնասիրում է ամբողջությամբ` պատրաստ լինելով արդեն հունիսին կազմակերպվող միասնական քննություններին:
Յուրաքանչյուր առարկայից դիմորդը շաբաթական մասնակցում է երկու պարապմունքի` յուրաքանչյուրը մեկ ժամ 30 րոպե տևողությամբ: Մեզ մոտ հիմնականում գրանցվում են մայրաքաղաքի և հարակից շրջանների դիմորդներ, ուստի դասերը կազմակերպվում են ժամը երեքից վեցի միջակայքում, որպեսզի նրանք դպրոցից հետո կարողանան մասնակցել պարապմունքներին»,- նշում է մեր զրուցակիցը»:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: