Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու հնարավորության մասին։ Էրդողանի փոխանցմամբ՝ երեքշաբթի նրանք հեռախոսազրույց են ունեցել։
«Այսօր առավոտյան մենք բանակցություններ ունեցանք Բայդենի հետ, հավանաբար մենք այսօր երեկոյան կամ վաղը Մադրիդում հանդիպում կունենանք»,- ասել է Էրդողանը լրագրողներին Իսպանիայի մայրաքաղաք մեկնելուց առաջ։

Բացի այդ Էրդողանը հիշեցրել է, որ Անկարայի և Վաշինգտոնի միջև երկխոսության օրակարգի հիմնական թեմաներից մեկը մնում է Թուրքիայի կողմից F-16 ինքնաթիռների գնման և այդ տեսակի ինքնաթիռների արդիականացման հարցը, որոնք արդեն առկա են թուրքական զինուժում:

«Այս հարցը դեռ բաց է։ Մենք նկատում ենք գործընթացը ձգձգելու փորձեր»,- հայտարարել է նա:

Թուրքիայի ղեկավարը նաև քննադատել է ԱՄՆ-ի քաղաքականությունը Սիրիայում։

«Եթե Թուրքիան և ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներ են, ապա ինչպե՞ս է ամբողջ զենքը մատակարարվում PYD-ին (PKK սիրիական թեւին)»,- նշել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ հունիսի 28-30-ը Մադրիդում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Ինչպես նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գագաթնաժողովի հիմնական թեմաները կլինեն հավաքական պաշտպանության և զսպման ուժեղացումը, ինչպես նաև Ուկրաինային շարունակական օգնությունն ու աջակցությունը։

923