FLYONE ARMENIA ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է՝ ինչպես է կատարվում FLYONE ARMENIA-ի ուղեւորների առցանց հաշվառումը, որը ներկայացնում ենք ստորև:

FLYONE ARMENIA ընկերությունը կարևորում և խրախուսում է ուղևորների առցանց հաշվառումը։ Անվճար առցանց հաշվառումը ընդունված պրակտիկա է աշխարհի բազմաթիվ ավիաընկերություններում։ Հայաստանից և դեպի Հայաստան թռիչքներ իրականացնող բազմաթիվ ավիաընկերություններ նույնպես աշխատում են այդ մոդելով․ առցանց հաշվառում չանցնելու դեպքում՝ օդանավակայանում գանձվում է որոշակի գումար։

Կարևորելով մեր ուղևորների կարծիքները՝ տեղեկացնում ենք, որ մեր չվերթերի առցանց հաշվառումը բացվում է թռիչքից 24 ժամ առաջ և փակվում է թռիչքից 4 ժամ առաջ: Առցանց հաշվառման վերաբերյալ տեղեկատվությունը նշվում է տոմսի ամրագրման մեջ, այնուհետև թռիչքից 24 ժամ առաջ Ձեր ամրագրման մեջ նշված էլ. հասցեին ուղարկվում է ծանուցում՝ անվճար առցանց հաշվառման բացվելու մասին: Նամակի հղումով՝ ուղևորը կարողանում է պարզագույն եղանակով իրականացնել իր առցանց հաշվառումը։ Առցանց հաշվառում չանցնելու դեպքում օդանավակայանում գանձվելու է 30 եվրոյին համարժեք դրամ: Այս մասին տեղեկատվությունը պատշաճորեն հրապարակված է նաև ավիաընկերության կայքում։

Թյուրըմբռնումներից ու անհարմարություններից խուսափելու համար՝ խնդրում ենք մեր ուղևորներին իրականացնել առցանց հաշվառումը և մաղթում ենք բոլորին բարի ու հաճելի թռիչքներ։

1092