Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

FlyOne Armenia-ն՝ Հայաստանի խոշորագույն ավիափոխադրողը, Airbus ընկերության հետ վերջնականացրել է Airbus A321neo դասի երկու օդանավերի ձեռքբերման պատվերը։ Համաձայնագրի մասին առաջին անգամ հայտարարվել էր որպես Փոխըմբռնման հուշագիր` 2026 թվականի մայիսի 5-ին, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի՝ Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակներում։

Երկու Airbus A321neo օդանավերը, որոնք հանդիսանում են FlyOne Armenia-ի առաջին ուղիղ պատվերը Airbus-ից, համալրված կլինեն CFM International-ի LEAP շարժիչներով։ 239 նստատեղով էկոնոմ դասավորությամբ օդանավերը կարևոր դեր կունենան ավիաընկերության նավատորմի ռազմավարական զարգացման գործում և կդառնան երթուղային ցանցի ընդլայնման հավակնոտ ծրագրի առանցքային փուլերից մեկը։

2021 թվականին հիմնադրված FlyOne Armenia-ն ներկայում շահագործում է Airbus A320 ընտանիքի 11 օդանավերից բաղկացած նավատորմ։
«Մեր առաջին ուղիղ պատվերը Airbus ընկերությունից կարևոր և խորհրդանշական քայլ է FlyOne Armenia-ի զարգացման ճանապարհին։ Համաշխարհային ավիացիոն արդյունաբերության առաջատարի՝ Airbus-ի կողմից հենց մեր ընկերության համար երկու նոր A321neo օդանավերի արտադրությունը փաստում է, որ մենք հետևողականորեն իրականացնում ենք նավատորմի արդիականացման և երկարաժամկետ աճի մեր ռազմավարությունը։ Մենք հպարտ ենք խորացնել համագործակցությունը Airbus-ի հետ և վստահ ենք, որ այս ներդրումը կարևոր դեր կունենա ոչ միայն FlyOne Armenia-ի, այլև հայկական քաղաքացիական ավիացիայի հետագա զարգացման և միջազգային համագործակցության խորացման գործում»,– նշել է FlyOne Armenia-ի գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

«FlyOne Armenia-ի այս առաջին ուղիղ պատվերը ընդգծում է ավիաընկերության հանձնառությունը գործառնական գերազանցության և ուղևորների հարմարավետության բարձրացման նկատմամբ՝ Airbus A320 ընտանիքի նավատորմի հետագա ընդլայնմանը զուգահեռ», – նշել է Airbus-ի կոմերցիոն օդանավերի բիզնեսի վաճառքների գծով գործադիր փոխնախագահ Բենուա դը Սենտ-Էքզյուպերին։

«Մենք շատ ուրախ ենք ողջունել FlyOne Armenia-ին որպես Airbus ընտանիքի  նոր անդամ և ակնկալում ենք խոր և արդյունավետ համագործակցություն՝ աջակցելու ընկերության ռազմավարական աճի ծրագրերին»։

Airbus A320 ընտանիքն աշխարհում ամենապահանջված նեղ ֆյուզելյաժով օդանավերի ընտանիքն է՝ ունենալով ավելի քան 20,000 պատվեր ամբողջ աշխարհում։ Ընտանիքի ամենամեծ ներկայացուցիչը՝ A321neo-ն, առաջարկում է բացառիկ թռիչքային հեռահարություն և շահագործման բարձր արդյունավետություն։

A320 ընտանիքի օդանավերն ապահովում են առնվազն 20% վառելիքի խնայողություն և CO₂ արտանետումների նվազեցում՝ նախորդ սերնդի նեղ ֆյուզելյաժով օդանավերի համեմատ, միաժամանակ ապահովելով ուղևորների առավելագույն հարմարավետություն՝ շնորհիվ իր դասում ամենալայն սրահներից մեկի։

FlyOne Armenia-ի մասին․

 

FlyOne Armenia-ն (www.flyone.am) Հայաստանի Հանրապետության առաջատար ավիափոխադրողն է, որը հիմնադրվել է 2021 թվականին։ Ներկայում ավիաընկերությունն իրականացնում է թռիչքներ 31 ուղղություններով՝ դեպի Եվրոպայի, ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրներ՝ շարունակաբար ընդլայնելով իր երթուղային ցանցը։

Գործունեության մեկնարկից ի վեր FlyOne Armenia-ն փոխադրել է ավելի քան 3,5 միլիոն ուղևոր։ Ավիաընկերությունը շահագործում է Airbus A320/321 ընտանիքի ժամանակակից օդանավեր, որոնք լիովին համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) անվտանգության չափանիշներին։

167