Աշխարհաքաղաքական անկայուն իրավիճակում, երբ Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները Սառը պատերազմից ի վեր իրենց վատագույն շրջանն են ապրում, հունիսի 29-ին Մադրիդում հավաքվել էին ՆԱՏՕ անդամ երկրների ղեկավարները՝ մասնակցելու դաշինքի գագաթնաժողովին։ Ակնհայտորեն դաշինքի քննարկումների ու ընդունված որոշումների հիմքում ընկած էր լինելու Մոսկվան, վերջինիս հետ հարաբերությունները՝ Ուկրաինայի իրավիճակի ֆոնին։

Ընդհանուր առմամբ՝ ելույթները պատասխան էին կամ մեղադրանք հունիսի 17-ին Վլադիմիր Պուտինի` Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական կոնֆերանսում տեղի ունեցած ելույթին, որտեղ ՌԴ նախագահը շեշտեց միաբևեռ աշխարհի ավարտի, ինչպես նաև Արևմուտքի թուլացման մասին։ 

Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից ընդունված մինչև 2030 թ․-ի նոր ռազմավարական հայեցակարգում հստակ արտացոլվեց այն անդունդը, որը հայտնվել է ՌԴ-ՆԱՏՕ հարաբերություններում։ Ինչպես որ սպասվում էր, փաստաթղթում «Ռուսաստանը ճանաչվել է Հյուսիսատլանտյան դաշինքի անվտանգությանը սպառնացող «ամենագլխավոր և անմիջական» սպառնալիքը»՝ դուրս մնալով կազմակերպության գործընկերների թվից։

Ռուսաստանը՝ անմիջական սպառնալիք

Ըստ հայեցակարգի՝ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի Դաշնությունը ճանաչում է որպես դաշինքի անվտանգության ամենագլխավոր և անմիջական սպառնալիք։ Փաստաթղթում Ռուսաստանի հանդեպ կտրուկ սառեցումը հասնում է նրան, որ կազմակերպությունը դադարում է Ռուսաստանին որպես գործընկեր դիտարկել։

Չնայած սրան, փաստաթղթում փորձ է արվում որոշակի հնարավորություններ թողնել ՌԴ-ի հետ հարաբերությունների վերսկսման համար։ Նշված է, որ դաշինքը պատրաստ է պահպանել կապի ուղիները։ Կրկին շեշվում է, որ ՆԱՏՕ-ն չի ձգտում Մոսկվայի հետ առճակատման։

Չնայած դրան՝ ՆԱՏՕ-ում կարծում են, որ  Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փոփոխությունը կախված է միայն Մոսկվայից։

Վերոնշյալը ամփոփվում է նրանով, որ  ՆԱՏՕ-ն զգալիորեն կամրապնդի դաշինքի զսպող և պաշտպանական կարողությունները՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների, իսկ Ռուսաստանի հետ սահմանների մոտ կտեղակայվեն ծանր տեխնիկա և սպառազինություն:

Չինաստանը՝ մրցակից ու նոր աշխարհակարգի կենտրոն

ՆԱՏՕ-ն իր փաստաթղթում առաջին անգամ սահմանել է դաշինքի քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ։

Հյուսիսատլանտյան դաշինքը չէր կարող չանդրադառնալ իր մյուս «ախոյանին»՝ Պեկինին՝ հաշվի առնելով ոչ միայն աշխարհում նրա ազդեցության մեծացումը, այլ նաև այն, որ պաշտոնական Պեկինը չմիացավ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ավելին՝ մեծացրեց Ռուսաստանից էներգետիկ ռեսուրսների ներկրումը, իր հերթին յուանը շարունակում է ամրապնդվել  ռուսական տնտեսության մեջ։

Սրան զուգահեռ ակնհայտ են ՆԱՏՕ-ի հենասյուն ԱՄՆ-ի կողմից Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածքում հաստատվելու ջանքերը, ինչու չէ, նաև ռազմական դաշինքի ներկայությունը այնտեղ հասցնելու ցանկությունները՝ լավագույն օրինակը AUKUS-ն էր։ Այս ամենին դեմ է Չինաստանը։ Սրան գումարվում է Թայվանի շուրջ լարվածությունը։ Ինչպես ասվում  է գագաթնաժողովում, Ռուսաստանի և Չինաստանի միջև կապերի ամրապնդումը հակասում է ՆԱՏՕ-ի արժեքներին։

Վերոնշյալից ելնելով՝ ՆԱՏՕ-ի նոր հայեցակարգում Չինաստանը ճանաչվել է որպես մարտահրավեր ռազմական բլոկի շահերին ու արժեքներին։

«Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հայտարարված հավակնությունները և հարկադրական քաղաքականությունը մարտահրավեր են նետում մեր շահերին, անվտանգությանն ու արժեքներին: ՉԺՀ-ն օգտագործում է քաղաքական, տնտեսական և ռազմական գործիքների լայն շրջանակ՝ իր գլոբալ ներկայությունն ու նախագծային ուժը մեծացնելու համար»,- նշված է փաստաթղթում։ Այս դիտարկումները հստակ խոսում են այն մասին, որ ՆԱՏՕ-ում «վախենում են» Չինաստանի դերի աճից, որի արդյունքում երկիրը որոշ ժամանակ հետո կարող է շրջանցել Արևմուտքին՝ ԱՄՆ-ին։ Հենց սրա մասին է խոսում ՆԱՏՕ-ի այն շեշտադրումը, որ Չինաստանը փորձում է տապալել ստեղծված աշխարհակարգը՝ վերահսկելով համաշխարհային լոգիստիկան և տնտեսությունը։

ՆԱՏՕ-ում սպառնալիք է համարվում նաեւ Չինաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական մերձեցումը, որը ըստ դաշինքի՝ խարխլում է ՆԱՏՕ-ի արժեքներն ու շահերը։

Ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ն հասկանում է, որ չի կարող բացահայտ առճակատման դուրս գալ Չինաստանի դեմ։ Այս մասին հստակ երևում է հայեցակարգում առաջ քաշված այս միտքը, որ «ՆԱՏՕ-ն չի ձգտում առճակատման Չինաստանի հետ, այլ կաշխատի «լուծել համակարգային խնդիրը»:

Նշված է, որ Չինաստանի դեմ պայքարում ՆԱՏՕ-ն նախատեսում է ամրապնդել համագործակցությունը Հնդկաստանի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերների հետ։

Ի դեպ, ինչպես արդեն նշել ենք, անդամ երկրները փորձում են այդ կապերը ավելի մեծացնել՝ հատկապես ռազմական ոլորտում։

Դաշինքի հզորացում

Այն, որ դաշինքը մեծացնելու է իր ռազմական հնարավորությունները, ակնհայտ էր՝ հաշվի առնելով ոչ միայն Ուկրաինայի դեպքը, այլ նաև ԵՄ-ի կողմից այն հայտարարությունները, որ Եվրոպան պատրաստվում է սեփական ռազմական ուժերն ունենալ։ Սա կարող է նվազեցնել դաշինքի կարևորությունը, ուստի ՆԱՏՕ-ն կանի քայլեր՝ ավելի մեծացնելու իր ռազմական հնարավորությունները։ Գագաթնաժողովում հայտարարվեց, որ ԱՄՆ-ը մտադիր է մեծացնել իր ռազմական ներկայությունը ամբողջ Եվրոպայում։ Ընդհանուր հայեցակարգում նշվում է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը պատմական հաջողություն է եղել դաշինքի համար՝ ամրապնդելով այն և ապահովելով «միլիոնավոր եվրոպացիների անվտանգությունը»:

Ինչպես նշվում է փաստաթղթում, ՆԱՏՕ-ն կամրապնդի համագործակցությունը ՄԱԿ-ի և ԵՄ-ի, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ։  Բացի այդ՝ ՆԱՏՕ-ն մտադիր է «զգալիորեն ուժեղացնել» ռազմական ուժերը։ Դաշինքի երկրները պայմանավորվել են ընդլայնել իրենց ռազմական բյուջեն մինչև ՀՆԱ-ի ավելի քան 2%-ը։ Որոշվել է մինչև 2023 թվականը 7,5 անգամ ավելացնել համապատասխան ուժերի թիվը։

Դաշինքը, հատկապես ԱՄՆ-ը, իր անվտանգության ամենաբարձր երաշխիքն է համարում ռազմավարական միջուկային ուժերը։ ՆԱՏՕ-ի միջուկային զսպման ռազմավարությունը կախված է նաև Եվրոպայից։ 

Դաշինքը նախատեսում է զարգացնել առաջադեմ տեխնոլոգիաներ, այդ թվում՝ արհեստական ​​ինտելեկտի ռազմական կիրառումը։ ՆԱՏՕ-ի ռազմավարական մրցակիցների տեխնոլոգիական զարգացումը կարող է խաթարել դաշինքի անվտանգությունը, ասվում է հայեցակարգում։ ՆԱՏՕ-ն կարծում է, որ ներկայումս սպառազինությունների վերահսկման միջազգային ճարտարապետության էրոզիա կա, որը բացասաբար է անդրադառնում ռազմավարական կայունության վրա։

Սա կարելի է համարել սպառազինության մրցավազքի նոր հայտարարություն, որն անում է ՆԱՏՕ-ն։

Շվեդիան և Ֆինլանդիան՝ ՆԱՏՕ-ի ճանապարհին

Գագաթնաժողովի կարևորագույն թեմաներից մեկը սկանդինավյան երկրների անդամակցման խնդիրն էր, որը ձգձգվում էր անդամ Թուրքիայի կողմից համաձայնություն չտալու պատճառով։ Կար կարծիք, որ բանակցությունները կարող էին ձգձգվել մինչև տարվա ավարտը։ Անկարան իր դիրքորոշումն արդարացնում է այդ երկրների կողմից «քրդական զինված խմբավորումների ենթադրյալ աջակցությամբ»։ Սա ինչ-որ չափով նաև Թուրքիայի կողմից լավ առիթ էր ԱՄՆ-ից կորզելու որոշակի օգուտներ, ինչի արդյունքում վետո նա չէր դնի երկրների անդամակցման վրա։

Նախքան գագաթնաժողովը Էրդողանը և Բայդենը ունեցել էին հեռախոսազրույց, ամենայն հավանականությամբ քննարկվել էր նաև «սկանդինավցիների» մուտքի հարցը։ Ինչպես թուրքական կողմն էր նշում, երկու երկրների նախագահները քննարկել են F-16 կործանիչների մատակարարման հարցը։ Սրան հաջորդեցին Մադրիդում հանդիպման նախօրեին թուրքական կողմի բանակցությունները սկանդինավյան երկու երկրների և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ և իր գրավոր պահանջները Շվեդիային և Ֆինլանդիային՝ պնդելով դրանց կատարումը, մինչև Անկարան իր համաձայնությունը կտա երկու երկրների մուտքին։ Այնուհետև Ստոլտենբերգը հայտնեց, որ Թուրքիան տվել է երկրներին անդամակցելու թույլտվություն։

Թե ինչի դիմաց՝ մեկնաբանությունները տարբեր են։ Թուրքիայի կառավարությունը պաշտոնական մեկնաբանությունում նշել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ բանակցություններում «ստացել են այն, ինչ ուզում էին»։

Անկարան պահանջել է վերացնել զենքի մատակարարման սահմանափակումները, որոնք կիրառվել են իր դեմ Սիրիա թուրքական զորքերի ներխուժումից հետո, ինչպես նաև պատիժ՝ ռուսական զենք գնելու համար։ Թուրքական ԶԼՄ-ների՝ Սպիտակ տան աղբյուրները պնդում են, որ բանակցությունների ընթացքում ամերիկացի առաջնորդը գործընկերոջը խոստացել է որոշակի ջանքեր գործադրել՝ գործարքը Կոնգրեսով անցկացնելու համար։

Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հանդիպման ժամանակ քննարկել են Անկարայի կողմից F-16 գնելու հարցերը, որի արդյունքում Բայդենը Էրդողանին խոստացել է նոր կործանիչներ։

Ինչ վերաբերում է  Ռուսաստանին, ապա ՌԴ նախագահ Վ․ Պուտինը նշել էր, որ այս երկրների ՆԱՏՕ անդամ դառնալը էքզիստենցիալ վտանգ չի ստեղծում երկրի համար, սակայն ռազմաբազաների տեղադրման, ռազմական ենթակառուցվածքի տեղակայման դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի հայելային պատասխան տալ։

Շեշտվում է, որ Բալկանները եւ Սեւծովյան տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունեն ՆԱՏՕ-ի համար, եւ Դաշինքը կշարունակի աջակցել այդ տարածաշրջաններում շահագրգիռ երկրների եվրաատլանտյան նկրտումներին։

Դաշինքը կարեւոր է համարում Եվրամիության ջանքերը՝ միտված  պաշտպանության ոլորտում  ԵՄ-ից դուրս երկրների ներգրավմանը։

Փաստաթղթում շեշտվում է, որ ՆԱՏՕ-ն ընդունում է, որ Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում փխրունությունն ու անկայունությունը ուղղակիորեն ազդում են անդամ երկրների և նրանց գործընկերների անվտանգության վրա:

Օգնություն Ուկրաինային ՝ «մարտի դաշտում հաղթելու համար»

Ուկրաինայի հարցը այն գլխավոր խնդիրն էր, որի շուրջ պիտի ծավալվեին գագաթնաժողովի հիմնական քննարկումները․ մնացած բոլոր հարցերը բխում էին հենց այս հարցից։ Այն, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում մոտ ապագայում հասնել խաղաղության, պարզ է Բելգիայի վարչապետի այն հայտարարությունից, որ ՆԱՏՕ-ն Զելենսկուն ասել է, որ Ուկրաինայում հակամարտությունը պետք է լուծվի «միայն ռազմական ճանապարհով»։ Ասվածն ամրապնդվում է այն հայտարարությամբ, որ  Կիևին կտրամադրվի ռազմական և ֆինանսական օգնություն այնքան, որքան անհրաժեշտ է։

ՆԱՏՕ-ի երկրները կաջակցեն Ուկրաինայի վերականգնմանը ռազմական գործողությունների ավարտից հետո։

Ինչպեսև ակնկալվում էր, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները ուկրաինական իրադարձությունների համար ամբողջ պատասխանատվությունը գցեցին Ռուսաստանի վրա և պահանջեցին դադարեցնել հատուկ ռազմական գործողությունները։ Ամեն դեպքում ՆԱՏՕ-ն հաստատեց այն, որ չի պատրաստվում ուղիղ ռազմական գործողությունների գնալ։

Վրաստան «բաց դռները» դեռևս փակ են մնում Վրաստանի առջև

ՆԱՏՕ-ն ևս մեկ անգամ հաստատեց իր բաց դռների քաղաքականությունը։ ՆԱՏՕ-ի ղեկավարները պայմանավորվել են ուժեղացնել քաղաքական և գործնական աջակցությունը Վրաստանին, Մոլդովային և այլ գործընկերների։ «Մենք ամրապնդելու ենք քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը նրանց հետ, ովքեր նպատակ ունեն միանալ Դաշինքին։ Մենք կօգնենք նրանց ամրապնդելու իրենց դիմադրողականությունն ընդդեմ միջամտության, ավելացնելու նրանց հնարավորությունները և խորացնելու մեր քաղաքական աջակցությունը նրանց եվրաատլանտյան նկրտումներին»,- ասված է Մադրիդի գագաթնաժողովում ընդունված հայեցակարգի տեքստում։  Չնայած սրան, Յենս Ստոլտենբերգը շեշտել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ հայտարարել Դաշինքին Վրաստանի հնարավոր անդամակցության որևէ ժամանակացույցի մասին։ 

Վրաստանի անդամակցման հարցը կրկին մնում է օդում կախված։

 

847