«Հայաստան» դաշինքից Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը 2022 թվականի առաջին օրացուցային կիսամյակի նիստերի թվով 342  քվեարկություններից ունեցել է թվով 198 բացակա: Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ ներկայացնելով «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ որոշման նախագիծը, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արյուսակ Ջուլհակյանը: Նա նաև տեղեկացրեց, որ Ազգային ժողովի խորհրդի   25 նիստերից յոթին է միայն նա ներկա եղել:

«Այսպիսով, թե ԱԺ լիագումար նիստերից, թե խորհրդի նիստերից հաճախակի բացակայությունների պատճառով Իշխան Սաղաթելյանը չի կատարել իր անմիջական պարտականությունները: Իշխան Սաղաթելյանի հաճախակի բացակայությունների պատճառով նաև անհնարին է դարձել վերջինիս ԱԺ նախագահի կողմից հանձնարարություններ տալը և լիազորությունների պատվիրակումը»,- ասաց նա և նշեց, որ ԱԺ-ն ընդդիմությունից պետք է ընտրի այնպիսի ԱԺ նախագահի տեղակալի, որն իր պարտականությունները կկատարի:

Արյուսակ Ջուլհակյանը նկատեց նաև, որ Իշխան Սաղաթելյանը հրահրել է բախումներ, օգտագործել ատելության խոսք, վիրավորել հանրության տարբեր ներկայացուցիչների, ԱԺ պատգամավորների:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Ծովինար Վարդանյանը ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի` Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծը:

Պատգամավորը տեղեկացրեց, որ ԱԺ ութերորդ գումարման առաջին օրացուցային կիսամյակի ընդհանուր 342 քվեարկություններից Վահե Հակոբյանը չի մասնակցել 194-ին, 25 խորհրդի նիստերից բացակայել է 20 անգամ, 27 արտահերթ և հերթական նիստերից 11 նիստ չի նախագահել, և չեն ստորագրվել մի շարք փաստաթղթեր, զանգերը մնացել են անպատասխան:

Մանրամասները՝ տեսանյութում

972