
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը կիրակի օրը հայտարարել է, որ քաղաքացիական բնակչության և իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում զոհեր են գրանցվել Ղարակալպակստանի վարչական կենտրոնում՝ Նուկուս քաղաքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։
Կիրակի օրը նա կրկին ժամանել է Նուկուս, որտեղ երկու օր առաջ անկարգություններ են տեղի ունեցել երկրի սահմանադրության փոփոխությունների պատճառով։
«Ցավոք սրտի, կան զոհեր խաղաղ բնակիչների և իրավապահների շրջանում»,- ասել է Միրզիյոևը՝ ելույթ ունենալով Ղարակալպակի ինքնավարության պատգամավորների հետ։ Նախագահի խոսքերը Տելեգրամի իր ալիքում մեջբերել է վարչակազմի ղեկավարի տեղակալ, Միրզիյոևի մամուլի քարտուղար Շերզոդ Ասադովը։
Նախագահը պարզաբանել է, որ անկարգություններ իրականացնող մի քանի խմբեր փորձել են գրավել Նուկուսի ներքին գործերի քաղաքային վարչության և ազգային գվարդիայի վարչության շենքերը՝ զենք խլելու նպատակով։ «Օգտվելով թվային առավելությունից՝ այդ մարդիկ հարձակվել են իրավապահների վրա՝ դաժան ծեծի ենթարկելով նրանց և պատճառելով ծանր վնասվածքներ»,- հավելել է Միրզիյոևը։
Հուլիսի 1-ին Նուկուսում ցույց է տեղի ունեցել Ուզբեկստանի սահմանադրության փոփոխությունների դեմ։ Ուզբեկստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հասարակական կարգը վերականգնվել է։ Հաջորդ օրը շրջանի իշխանությունները հայտարարեցին, որ բերման են ենթարկել անկարգությունների մի խումբ կազմակերպիչների, որոնք փորձել են գրավել շրջանի իշխանություններին։ Ավելի ուշ Միրզիյոևը հուլիսի 3-ից օգոստոսի 2-ը արտակարգ դրություն է մտցրել Ղարակալպալստանում, ինչպես նաև պարետային ժամ՝ ՀՀ ժամանակով 20:00-ից մինչև 06.00-ն նշված ժամանակահատվածում։
Աղբյուր՝ armtimes.com