
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 21-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՄԱՅԼԵՐ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» փակ բաժնետիրական ընկերությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է «ՄԱՅԼԵՐ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է կառուցել տարածաշրջանի մակարդակով եվրոպական ստանդարտներին համապատասխան լեռնադահուկային հանգստավայր՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրում, ինչը կնպաստի երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը և երկրի/մարզի սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը։
Ծրագրի շրջանակներում կկառուցվեն միջազգային ստանդարտներին համապատասխան ճոպանուղի, սահուղիներ, հյուրանոցային և ժամանցային համալիր/համալիրներ, ինչպես նաև կտեղադրվի արհեստական ձնագոյացման համակարգ, կստեղծվեն ձմեռային հանգստի այլ ենթակառուցվածքներ։
Ծրագրի շրջանակներում ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի մինչև 30 մլրդ դրամ սահուղիների և արհեստական ձնագոյացման համակարգի ձեռքբերման և ժամանցային կենտրոնների (տոբոգան, տյուբինգ, «կախարդական կարպետ», զիփլայն, ջրային ատրակցիոններ) կառուցման համար:
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 1500 մշտականև 250 ժամանակավոր աշխատատեղեր։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 16․5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1 մլրդ դրամ:
Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: