Հանրապետությունում իրականացվող հանրակրթական ուսումնական և առողջապահական հաստատությունների շինարարական աշխատանքների ընթացքի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը կոմիտեի պատասխանատուների հետ շրջայց է կատարել Արարատի մարզի շինհրապարակներում: Կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել է ծրագրերի իրականացման ընթացքը:

Մասնավորապես, Արմեն Ղուլարյանը հետևել է Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներին: Արդեն իրականացվել է գոյություն ունեցող շենքի ապամոնտաժումը, և ներկայումս կատարվում են հիմքերի կառուցման աշխատանքները: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2023 թվականին։

Շրջայցի ժամանակ կոմիտեի նախագահը հետևել է նաև Մասիսի բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքներին: Իրականացվել են գոյություն ունեցող շենքի քանդման, հողային և հիմքերի կառուցման աշխատանքները: Ներկայումս կատարվում են հիմնակմախքի կառուցման աշխատանքները: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականին։

Այցի ընթացքում արձանագրվել է, որ ծրագրերն իրականացվում են սահմանված ժամանակացույցի և բյուջետային հատկացումների համաձայն: Հանձնարարվել է հետևողականորեն շարունակել աշխատանքները՝ ծրագրերը բարձր որակով կատարելու և սահմանված ժամկետում ավարտին հասցնելու համար:

Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող վերոնշյալ երկու ծրագրերից բացի հանրակրթական, նախակրթական ուսումնական և առողջապահական հաստատությունների կառուցման աշխատանքներ են նախատեսված Արարատի մարզի մի շարք այլ բնակավայրերում: Մասնավորապես՝ Դեղձուտ համայնքում կառուցվում է միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենք: Արդեն ավարտվել են հիմնակմախքի և արտաքին պատերի կառուցման աշխատանքները, կատարվում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ: Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2022 թվականին:

Արալեզ համայնքում կառուցվելու է «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ: Նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են: Հայտարարված է շինարարական աշխատանքների ձեռքբերման գնման գործընթացը:

Ընթացիկ ծրագրերից է Արտաշատի պոլիկլինիկայի վերակառուցումը: Շինարարական աշխատանքների ձեռքբերման գնման գործընթացը հայտարարման փուլում է:

Արարատի մարզում նախատեսված է ևս 3 շինարարական ծրագիր, որոնք դեռ չեն մեկնարկել: Կատարվելու է «Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի, Բարձրաշենի միջնակարգ դպրոցի և Վեդիի ավագ դպրոցի շենքային պայմանների բարելավում:

801