Պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է Երևանի քաղաքապետարանում քաղաքաշինության ոլորտին առնչվող մի շարք մշտադիտարկումների արդյունքները։ Արձանագրվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված անգործության հետևանքով համայնքի բյուջեն զրկվել է լրացուցիչ 6 մլրդ 867 մլն 160.500 դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից։ Պարզվել է, որ ընտրանքային կարգով առանձնացվել են 43 խոշոր օբյեկտներ, որոնց նախահաշվային գները կազմել են 56.4 մլրդ դրամ, որի տուգանքները կազմել են 6.2 դրամ, մինչդեռ 2011-2021 թվականներին համայնքի պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված վարչարարությունը չի իրականացվել, և արդյունքում բյուջեն զրկվել է 6.2 մլրդ դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից:

Ավելի վաղ՝ հուլիսի 28-ին, ՊՎԾ-ն հրապարակել էր քաղաքապետարանում իր կատարած ուսումնասիրության արդյունքները, ըստ որի՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք հայտնաբերվել է շուրջ 8,5 միլիարդ դրամի խախտում, որոնք առնչվում են քաղաքի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման, բարեկարգման, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Էլեկտրատրանսպորտ», «Երքաղլույս» և այլ ընկերությունների գործունեությանը։ Տեղի ունեցած չարաշահումների հետ կապված՝ ով և ինչ պատասխանատվության կենթարկվի, դեռ պարզ չէ։ ՊՎԾ-ն բոլոր տեղեկանքները, որոնք ենթադրում են իրավական կամ քրեաիրավական դաշտի գնահատականներ, և առերևույթ հանցակազմ են ենթադրում, վարչապետին ներկայացնելուց հետո օրենքով սահմանված կարգով ներկայացնում են դատախազություն։ Գլխավոր դատախազությունը դրանք վերապատվիրակում է իրավապահ համակարգի տարբեր մարմինների՝ կարող է հակակոռուպցիոն ուղարկել նյութերը, կարող է ուղարկել քննչական կոմետե։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելելով, որ նախորդ 8,5 միլիարդի մասով ուսումնասիրությունների արդյունքները Դատախազությունը ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե։

Պետրոսյանը տեղեկացրեց, որ շուրջ 500 այդպիսի սուբյեկտներ կան, ում շինթույլտվությունների ժամկետների երկարաձգումներ են տեղի ունեցել, իսկ որոշ դեպքերում մեկից ավելի անգամ։

«Մեր աշխատանքային խումբը հասցրել է ուսումնասիրել 43 սուբյեկտների, և այս թիվը, բնականաբար, կարող է աճել, քանի որ 450-ից ավելի սուբյեկտներ նմանատիպ գործընթացներով են անցել, և դա արդեն քրեական վարույթով ավելի մանրամասն կբացահայտվի։ 2011-ից սկսած նման երկարաձգումներ, շինությունների օրինականացումներ են եղել, բայց սա միայն քաղաքաշինության որոտին առնչվող սեգմենտում, այլ ոլորտում աշխատանքները շարունակվում են, և, կարծում եմ, դեռ նոր բացահայտումներ կունենանք»,-ասաց ՊՎԾ ղեկավարը։

Հարցին՝ եթե խախտումներն այդքան վաղ էին արձանագրվել, ինչու ավելի վաղ անվստահություն չէին հայտնում Մարությանին ու հեռացնում պաշտոնից, այս դեպքում ստացվում է արդարադատություն ոչ յուրայինների նկատմամբ, Պետրոսյանը նշեց, որ ինքը նշանակվեէմ ՊՎԾ ղեկավարի պաշտոնում դեկտեմբերի 9-ին և անմիջապես ձեռնամուխ է եղել վարչապետի՝ մինչ այդ տված հանձնարարականների իրագործմանը, որոնք կամ ընթացքում էին, կամ դեռ չէին մեկնարկել, կամ ինչ-ինչ պատճառներով այդ գործընթացները չէին իրականացվել։

«Ահա այդ շրջանում, երբ դեկտեմբերի 22-ին ավագանին անվստահություն հայտնեց պարոն Մարությանին, մեր ծառայությունում փաստաթղթերն էին վերլուծում, վերլուծություններ էին կատարվում, համադրվում էին մինչ այդ ստացված դիմում-բողոքները, քաղաքացիների ահազանգերը, ինչպես նաև 2020-ի սեպտեմբերից նաև վարչապետի հանձնարարականը մասնավորապես քաղաքաշինության և շինթույլտվությունների ոլորոտում որոշակի վերահսկողություն իրականացնելու մասով։ Եվ ահա ամբողջ այս փաստաթղթերի համադրմամբ՝ մենք մեկնարկել ենք Երևանի քաղաքապետարանի ուսոմնասիրությունները և զուգահեռ մշտադիտարկումը միայն դեկտեմբերի 29-ին։ Այսինքն՝ պարոն Մարությանի հեռանալը զուգադիպել է այդ շրջանի հետ։ Ես պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ այդ երկու գործընթացները որևէ կերպ փոխկապակցված չեն։ Բնականաբար, զուգադիպությունն0եը քաղաքականացվում են, բայց կառավարչական առումով իրենք որևէ կերպ փոխկապակցված չեն։ Հիմա այս պահին մենք առողջապահության նախարարությունում, տարբեր մարմիններում ենք մշտադիտարկում անում, և սա չի նշանակում, որ ղեկավարների հետ խնդիր կա։ Պետական կառավարման համակարգում վարչապետի վերահսկողական լիազորությունների իրացումն իրականացնում է ՊՎԾ-ն։ Այս ամենը զեկուցվում է վարչապետին և վարչապետի կողմից համապատասխան հանձնարարականներ են ուղղվում տվյալ գերատեսչություններին կամ տվյալ մարմինների պատասխանատուներին»,-հավելեց Պետրոսյանը։

1490