ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 15-16-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում որպես հյուր կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Ուզբեկստանի նախագահի մամուլի քարտուղար Շերզոդ Ասադովի «Ֆեյսբուք»-ի էջից:

Նա գրել է, որ 15 պետությունների ղեկավարները սեպտեմբերի 15-16-ը Սամարղանդում կմասնակցեն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին:

«Հաջորդ շաբաթ Սամարղանդը կընդունի Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Այդ միջոցառումը կդառնա ՇՀԿ առաջնորդների առաջին առերես հանդիպումը 2019 թվականից ի վեր և կազմակերպությունում Ուզբեկստանի նախագահության ավարտը», - հայտարարել է Ասադովը։

Ասադովը նշել է, ՇՀԿ-ում Ուզբեկստանի նախագահության ընթացքում հիմնական շեշտը դրվել է տնտեսական և առևտրային կապերի ամրապնդման, արդյունաբերական համագործակցության խթանման, ինչպես նաև տրանսպորտային և հաղորդակցության փոխկապակցվածության ընդլայնման վրա։

ՇՀԿ գագաթնաժողովին, բացի Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզոևից, կմասնակցեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:

Գագաթնաժողովին որպես դիտորդ կմասնակցեն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, Մոնղոլիայի նախագահ Ուհնաագիյն Խուրելսուխը:

ՇՀԿ գագաթնաժողովին որպես հյուր կմասնակցեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը:

484