Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:20–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Երասխի շրջանաձև խաչմերուկից  դեպի Տիգրանաշեն տանող ճանապարհահատվածի 3-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել ռուսական համարանիշներով Scania մակնիշի ավտոմեքենայի կցորդիչում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ  Արարատի թիվ 24 և Վեդու թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: 

Մինչ հրշեջների ժամանումը, վարորդը քաղաքացիների օգնությամբ կարողացել է բեռնատարից կցորդիչը առանձնացնել, այնուհետև ժամանած հրշեջները մարել են կրակը: Ավտոմեքենան բարձված է եղել տարբեր տեսակի պահածոներով ու ջրեղենով, սակայն  այն ամբողջովին դարձել է ոչ շահագործելի: 

Այս պահին  ոստիկանությունը պարզում է՝ ոստիկանության Արարատի բաժինն է  զբաղվելու դեպքի փաստով, թե Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժինը: Այս հարցը քննարկվում է Արարատի մարզի դատախազի հետ: Ոստիկանությունը պարզում է վարորդի և բեռնատարում բարձված ապրանքի սեփականատիրոջ ինքնությունը: 

981