Արդեն իսկ հարուցված են քրեական գործեր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ագրեսիայի ակտ իրականացնելու, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վերաբերյալ: Այս մասին կառավարության նիստին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք արդեն հարուցվել են քրեական գործեր, ասաց ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը: «Լայնածավալ քննչական գործողություններ են այս պահին տեղի ունենում»,-ասաց նա և նշեց, որ Քննչական կոմիտեն լրացուցիչ հանդես կգա հայտարարությամբ:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ավելացրեց, որ մարդու իրավունքների խախտումների և պատերազմական հանցագործությունների դեպքերի, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտների վնասման ու միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների փաստերով արդեն բոլոր պատկան, իրավասու մարմինների հետ ակտիվ աշխատում են:

«Վերջին երկու օրվա ընթացքում արդեն Եվրոպական դատարան ենք ներկայացրել մի քանի իրար համալրող դիմումներ, նաև միջանկյալ միջոցներ կիրառող պահանջով, և արդեն ստացել ենք պատասխանները»,- ասաց նա և պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է գերեվարված անձանց իրավունքների երաշխավորմանը:

«Այս պահին հավաքագրվում են մնացած ավելի լայնամասշտաբ հասցված վնասի ապացույցները, որոնք ընթացիկ տարբեր միջազգային իրավական գործընթացների շրջանակներում ներկայացնելու ենք»,- հավելեց նա:

885