Սեպտեմբերից սահմանամերձ Բերդում կգործի առաջին Թումո տուփը: ՀՀ կառավարությունը հուլիսի 30-ի նիստում որոշում է կայացրել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին անհատույց օգտագործման իրավունքով հողամաս տրամադրել Տավուշի մարզի Բերդ համայնքում` Թումո տուփի տեղադրման համար:

Թումո տուփը հեշտ տեղաշարժվող, քիչ ծախսեր պահանջող, սակայն տեխնիկապես հագեցած մինի-Թումո է։ Այն հնարավորություն է տալիս հեռավոր և փոքր համայնքների պատանիների համար հասանելի դարձնել Թումոյի կրթական ծրագիրը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացրած նախագծին անդրադառնալով, ասել է. «Հիմա, երբ մենք քննարկում ենք սահմանամերձ համայնքների զարգացման մեր ռազմավարությունները, պետք է արձանագրել է, որ մեր բոլոր ռազմավարությունների հիմքում պարտադիր առկա է կրթական բաղադրիչը։ Թումոյի մուտքը Բերդի տարածաշրջան, մարզերում նման ենթակառուցվածքների ստեղծումն ու համաչափ զարգացումը այդ իմաստով շատ կարևոր է»:

Ամունդի-ԱԿԲԱ ընկերության և ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ, ինչպես նաև Hayg հիմնադրամի նվիրատվությամբ Բերդում տեղադրվող Թումո տուփն առաջինն է իր տեսակի մեջ: Շուտով Բերդի և մոտակա բնակավայրերի ուսանողները ինքնուսուցումն արդեն կանեն տեղում, իսկ գործնական դասընթացների համար կմեկնեն Թումո Դիլիջան` շնորհիվ Տավուշի մարզպետարանի կողմից տրամադրված տրանսպորտային միջոցների: Թումո տուփը հնարավորություն կտա տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանիների: Դիլիջանի Թումո կենտրոնը նույնպես կընդլայնվի` ընդունելով է՛լ ավելի շատ պատանիներին, ինչպես նաև, ՀՀ ԿԲ-ի հետ համագործակցության շնորհիվ, վերածվելով ոչ միայն կրթական հանգույցի, այլև հանրային տարածքի:

«Բացի այդ՝ մենք պայմանավորվել ենք, որ ազատ ժամանակ այդ տարածքները կարող են տրամադրվել նաև ուսուցիչների վերապատրաստումների համար»,- նիստի ժամանակ նշել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Անչափ շնորհակալ ենք կառավարությանը Թումոյի առաքելությանն աջակցելու համար։ Նման ձևաչափով նախատեսում ենք մեր ծրագիրը ընդլայնել Հայաստանի ու Արցախի ամբողջ տարածքում` արդեն գործող ու նոր բացվող Թումո կենտրոնների հետ ստեղծելով մեծ Թումո ցանց: Թումո տուփերի հաջորդ նպատակն է Գավառը` DOT818 ընկերության հովանավորությամբ: Հուսանք, մյուս մարզերում նույնպես կգտնենք պետական մարմինների, գործընկերների և հովանավորների աջակցությունը»,- նշում է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը: 

1723