Ավստրալիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, ի պատասխան Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության խնդրանքի՝ կապված Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետ, նշել է.

«Ավստրալիայի կառավարությունը շատ անհանգստացած է այս ամսվա սկզբին Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած մարտերով և զինվորական անձնակազմի զգալի կորուստներով։ Այս բռնությունը 2020 թվականի նոյեմբերին կնքված զինադադարից ի վեր միջազգային սահմանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների շարունակությունն է։

Ավստրալիայի կառավարությունը դատապարտում է քաղաքացիական անձանց թիրախավորումը, ցանկացած երկրի կամ կազմակերպության կողմից զինվորականների կամ քաղաքացիական անձանց նկատմամբ վատ վերաբերմունքը և խոշտանգումները:

Ավստրալիայի կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների դիրքորոշումների մերձեցմանն ուղղված ջանքերին սահմանների սահմանագծման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանման և բոլոր կողմերի համար ընդունելի խաղաղ կարգավորման հարցերի շուրջ»։

671