
Ծիծեռնակաբերդի բարձունքում 6,5 հեկտար տարածքի վրա շուրջ երեք հազար ծառ և երեք հազար թուփ է տնկվելու: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետին:
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը հայտնեց, որ դեռևս ամառվանից ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով, որը եկել է այն եզրակացության, որ, հաշվի առնելով նաև տեղանքը, Ծիծեռնակաբերդի բարձունքի անտառատնկման աշխատանքները պետք է իրականացվեն խրամատային տարբերակով, ինչը նաև նպաստում է ջրի խնայողությանը:
«Աճեցված տնկանյութն ունի բավարար որակ, բավարար քանակ՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում անտառատնկման աշխատանքները գրեթե 90 տոկոսով կատարելու համար»,- ասաց նա և նշեց, որ, կախված եղանակային պայմաններից, նախատեսվում է հոկտեմբերի 15-ից սկսել տնկման աշխատանքները: