ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը 2023թ. պետբյուջեի նախագիծը ներկայացնելիս խոսեց Հայաստանի անվտանգային ծախսերի մասին։ Ըստ նրա՝ անվտանգային և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղվող կապիտալ ծախսերը զգալիորեն կաճեն և կկազմեն 557 մլրդ դրամ, ինչը մոտ 200 մլրդ դրամով ավելի է, քան սահմանվել է 2022 թվականի պետական բյուջեով: 2023 թվականին այս ցուցանիշը կհասնի ՀՆԱ-ի 5.9 տոկոսին այս տարվա համար սկզբնապես ծրագրված 4.5 տոկոսի դիմաց:
Նախարարի խոսքով, զգալիորեն կավելանան անվտանգության ենթակառուցվածքներին հատկացումները, կշարունակեն բարձր մնալ տնտեսական ենթակառուցվածքների բարելավման ֆինանսական հատկացումները, կավելանան սոցիալական ենթակառուցվածքների, կրթական և առողջապահական հաստատությունների կառուցման և հիմնանորոգման աշխատանքները:
Ըստ նրա. «Առողջապահության ոլորտին հատկացումները 2023 թվականին կկազմեն ավելի քան 146 մլրդ դրամ, որն ավելի քան 22 տոկոսով ավելի է, քան 2022 թվականի բյուջեով սկզբնապես սահմանված ֆինանսավորման չափը»: