ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Российская газета»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ հարաբերություններին՝ նշելով, որ Հայաստանը տնտեսական օգուտներ է ստանում եվրասիական ինտեգրումից և աջակցում է դրա խորացմանը։ «Նա այժմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին նրանց ակտիվ մասնակցությամբ սկզբունքորեն կարևոր բարեփոխում է նախապատրաստվում՝ կապված ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների միջև արդյունաբերական համագործակցության զարգացման և նոր ինտեգրացիոն անդրսահմանային արժեշղթաների ձևավորման հետ»,- նշել է փոխվարչապետը։

Նա հայտնել է, որ խոսքը ավիաշինական, միկրոէլեկտրոնիկայի, դեղագործության և բարձր տեխնոլոգիական այլ ոլորտների զարգացման համար ԵԱՏՄ բյուջեի ֆինանսավորման նոր կայուն աղբյուրների բացահայտման մասին է։ 

Օվերչուկը նշել է, որ ԵԱՏՄ-ի գրավչությունը միության գործող և ապագա անդամների համար կորոշվի ոչ միայն առանց խոչընդոտների բիզնես միջավայրով, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, այլ նաև ֆինանսական հատուկ միջոցներով՝ հավելելով, որ  հաշվի առնելով Հայաստանի մարդկային ներուժի մակարդակը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման փորձը՝ այն շատ էական դեր կունենա այս ծրագրում։

Հաշվի առնելով Հայաստանի շարունակվող շրջափակումը՝ Ալեքսեյ Օվերչուկը նշել է․ «Մեր փոխադարձ առեւտրի, Հայաստանի տնտեսության աճը եւ ընդհանուր ինտեգրման ձեռքբերումները տեղի են ունենում երկարատեւ տրանսպորտային շրջափակման պայմաններում։ Հետևաբար՝ տրանսպորտային մեկուսացման հաղթահարման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հեռանկարները հզոր խթան կհաղորդեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի և հարակից երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի զարգացմանը»։

Նա նշել է, որ, իրենց գնահատականներով, ռուսական ներդրումների հոսքը կարող է հասնել մինչև 5 մլրդ դոլարի, դրանք հիմնականում էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի, ինչպես նաև հանքարդյունաբերության և վերամշակող արդյունաբերության ոլորտներում նախագծեր են։ Դրա շուրջ կառաջանան նոր աշխատատեղեր, ինչպես նաև բազմաթիվ փոքր և միջին բիզնեսներ։

«Հայաստանի տնտեսության համար դրական ազդեցությունն ակնհայտ է և կարող է ավելի նշանակալի լինել, քան «առաջին ինտեգրացիոն ալիքի» ազդեցությունը։ Միայն ԵԱՏՄ-ին անդամակցության առաջին տարում Հայաստանը գրեթե 54%-ով ավելացրել է փոխադարձ առևտուրը միության երկրների հետ»,- նշել է Օվերչուկը։

574