
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ելույթ ունենալով ՀՀ ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստում, նախ շեշտեց, որ կարծում է, որ ԿԸՀ նախագահի թեկնածու Վահագն Հովակիմյանը պատշաճ ձևով կկատարի իր աշխատանքը, որի արդյունքում ՀՀ–ում ընտրությունները միշտ կլինեն ազատ և արդար։
Պատգամավորը, փոխելով հիմնական թեման, անդրադարձավ այն մտքին, թե Հայաստանը սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկիր է։ Սուքիասյանը հարց ուղղեց, թե որ երկրների հետ ենք մենք ՀՀ–ն համեմատում և քանի երկիր կա, որոնց ռեսուրսների հետ պետք է ընդհանրապես համեմատվել։
«ՀՀ–ում այնքան ռեսուրս կա, որի արդյունքում հնարավոր է մինչև 200 մլրդ ՀՆԱ ձևավորել, եթե Հայաստանում բոլոր ինստիտուտները համակարգված աշխատեն, օրենքը ուժ ունենա, և ամեն քաղաքացի մտածի, որ պետք է հավելյալ արժեք ստեղծի։ Այս խոսույթը շատ վատ է հասարակական ընկալման համար․ ի՞նչ է նշանակում սահմանափակ ռեսուրս։ ՀՀ–ի միայն ջուրը, արևն ու հողը անսահմանափակ են, որով կարելի է հարյուրավոր միլիարդների հավելյալ արժեք ստեղծել, ուստի սա կարող է հասարակության գիտակցության մեջ տեղ գրավել։ Ես խնդրում եմ գործընկերներիս և Ձեզ՝ գործուղելով ԿԸՀ (Վահագն Հովակիմյանին), այլևս չասել ՀՀ–ն սահմանափակ ռեսուրսներով երկիր է»,– շեշտել է Սուքիասյանը՝ հավելելով, որ պետք է հաշվի առնել կրթության արդյունքում մարդու հնարավորությունները։
«Ինովացիոն հազարավոր տեխնոլոգիաներ, նորարարական ցանկացած միջոց կարող եք ստեղծել, մինչև անգամ աշխարհի նորարարական ցանկացած գործիք, մեքենա կամ բժշկության և այլ ոլորտներում մարդկությանը պիտանի ինչ-որ բան։ Սա ուզեցա նշել, որպեսզի մենք բոլորս չասենք՝ ՀՀ–ն սահմանափակ ռեսուրսներ ունի, որովհետև կա ժողովրդավարություն, արդարություն, կան հավասար պայմաններ, չկան մենաշնորհներ, ուստի ցանկացած մարդ կարող է ներդրում կատարել, դրսևորել իրեն, նոր տեխնոլոգիաներ ներկրել, մրցունակ լինել՝ տալով մրցունակ արտադրանք»– եզրափակել է միտքը Սուքիասյանը։