Հոկտեմբերի 13-ին Գորիսում կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը ներկայացրել է Սյունիքում մեկնարկող առողջապահական ծրագրի մանրամասները։

Հանդիպմանը մասնակցել են Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գևորգյանը, մարզի բուժհաստատությունների ղեկավարները, պոլիկլինիկական ծառայությունների պատասխանատուները։

Առողջապահության ոլորտում ներկայումս իրականացվող ծրագրի շրջանակում Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերի 50-69 տարեկան կանայք կարող են մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտություն անցնել։ Սյունիքում շարժական մամոգրաֆը տեղակայվելու է հոկտեմբերի 24-ից, այնուհետև, ըստ ժամանակացույցի՝ նաև մարզի մյուս տարածաշրջաններում՝ մինչև 2023 թվականի մայիսը։

Երեկ Գորիսում քննարկվել են ծրագրի կարևորությունը, հնարավորինս կանանց մասնակցության ապահովումը, պատշաճ իրազեկումը, կազմակերպական ու մասնագիտական մի շարք հարցեր։

Ծրագիրը մեկնարկել է 2021 թ․, Լոռիում ու Տավուշում արդեն իսկ իրականացվել է 14921 մամոգրաֆիկ անվճար հետազոտություն։ Ըստ կարիքի կանայք ուղեգրվել են նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (ՈՒԱԿ) լրացուցիչ հետազոտությունների: Տվյալ ծրագրի մասնակիցների լրացուցիչ հետազոտությունները ևս ՈՒԱԿ-ի աջակցությամբ անվճար են։

841