
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակիֆ Չաղաթայ Քըլըչը հայտարարել է, որ Անկարան կարող է կրկին դիմել «ֆուտբոլային դիվանագիտության» Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։
2008 թվականի սեպտեմբերին Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը ժամանեց Երևան՝ Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ֆուտբոլային հանդիպմանը։ Ավելի ուշ Սարգսյանը Գյուլի առաջարկով եկավ Թուրքիա - Հայաստան պատասխան հանդիպմանը, որը կայացել էր 2009 թվականի հոկտեմբերին Բուրսա քաղաքում։ Այնտեղ ընթացել են նաև բանակցություններ Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների միջև, որին հաջորդել է նախագահների հանդիպումը, հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը հետագայում ընդհատվել է ղարաբաղյան հակամարտության պատճառով։ Այս հանդիպումները ստացել են «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը։
«Մարտի 25-ին Հայաստանում, իսկ սեպտեմբերին՝ Թուրքիայում (Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակներում) կանցկացվեն երկու երկրների ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումները։ Մեր թիմը կգնա այնտեղ, գուցե մենք էլ գնանք։ Կարգավորման գործընթացը դրական է ընթանում։ Դրական դինամիկա է նկատվում նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։ Այն պետք է արվի առանց սադրանքների դիմելու»,- հայտարարել է Քըլըչը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրների միջև բարդ հարաբերությունների պատճառ են հանդիսանում մի շարք հանգամանքներ, որոնք կապված են, մասնավորապես, Ղարաբաղի հարցում ադրբեջանական դիրքորոշմանը Անկարայի աջակցության և 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին Թուրքիայի կտրուկ արձագանքի հետ։