Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատություն համացանցում 2022. հակազդելով համացանցում ավտորիտարիզմի վերակառուցմանը» տարեկան զեկույցը, ըստ որի՝ Հայաստանը 74 միավորով ազատ երկրների շարքում է։ 

Զեկույցն ընդգրկում է 2021 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը։

Զեկույցի համաձայն՝ վերջին մեկ տարում համացանցի ազատության հարցում իրավիճակը բարելավել է 26 երկրում, այդ թվում՝ Հայաստանում: Մեր երկիրը նախորդ տարվա համեմատ 3 միավորով բարելավել է իր դիրքերը։

Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ դիտարկված ժամանակահատվածում Հայաստանում համացանցի ազատությունը բարելավվել է, ավելի քիչ կիբեռհարձակումներ են գրանցվել: Դրական փոփոխություն է համարվում պետական պաշտոնյաներին ծանր վիրավորանք հասցնելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքի չեղարկումը:

Միևնույն ժամանակ, պահպանվում են մտավախությունները դատական համակարգին քաղաքական միջամտության և ԶԼՄ-ների նկատմամբ հռետորաբանության հետ կապված:

642