«Վալդայ» բանավեճի միջազգային  ակումբի նիստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարց ու պատասխանի ժամանակ հնչած ուշագրավ հարցերից մեկն այն էր, թե արդյոք Պուտինն իրեն նմանեցնում է Խրուշչովին, որը ղեկավարում էր ԽՍՀՄ-ը Կարիբյան ճգնաժամի տարիներին։

 «Ոչ մի դեպքում, ո՛չ, ես ինձ չեմ պատկերացնում Խրուշչովի դերում, ոչ մի դեպքում»,- պատասխանել  է Պուտինը։

Երկու ղեկավարների նմանություններն ու տարբերությունները դնելով մի կողմ՝ այս զուգահեռները  բավականին հետաքրքիր են՝ հաշվի առնելով միջուկային զենքի կիրառման ներկայիս խոսակցություններն ու Կարիբյան ճգնաժամի համեմատականները։ Չնայած նրան, որ թե՛ ռուսական, թե՛ արևմտյան կողմը նշում է, որ այսօրվա իրավիճակը հեռու է Կարիբյան ճգնաժամից, սակայն շատ տեսաբաններ բազում համեմատականներ են տանում։

Կարիբյան ճգնաժամը Սառը պատերազմի գագաթնակետն էր, երբ ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը պատրաստվում էին միմյանց դեմ միջուկային զենք կիրառել․ երկբևեռ աշխարհը կանգնած էր միջուկային պատերազմի առաջ։ 1962թ․-ին ԽՍՀՄ-ը, ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Թուրքիայում միջին հեռահարության հրթիռների տեղակայման, Կուբայում խորհրդային հրթիռներ տեղադրեց։ Նման լարված իրավիճակում, երբ մի կողմից ԱՄՆ-ը կարող էր Կուբայում խորհրդային հրթիռային բազաները ռմբակոծել, իսկ մյուս կողմից՝  ԽՍՀՄ-ը՝  ռմբակոծել ամերիկյան քաղաքները, ընթանում էին գերլարված բանակցություններ։ Լարվածության գագաթնակետին՝ «սև շաբաթ»-ում, կողմերը կարողացան փոխզիջումների գալ, որի արդյունքում, վերջիվերջո, ԽՍՀՄ կառավարությունը համաձայնեց Կուբայի տարածքից խորհրդային հրթիռները դուրս բերել, իսկ ամիսներ անց ԱՄՆ-ը Թուրքիայից դուրս բերեց իր հրթիռները։

Հաջող բանակցությունները, սակայն, վախի մթնոլորտն ավելի մեծացրեցին՝ հաշվի առնելով թարմ իրադարձությունները Ճապոնիայի Նագասակի և Հերոսիմա քաղաքների վրա ԱՄՆ-ի կողմից միջուկային զենքի կիրառման հետևանքով։ Մի շարք բանակցությունների արդյունքում արդեն 1970-ականներին ստորագրվեցին մի շարք պայմանագրեր դրանց չկիրառման և չտարածման մասին, որոնք ամբողջացրեց ՄԱԳԱՏԷ-ն։

Միջուկային զենքի կիրառման վախը նվազեցրին ոչ միայն այս պայմանագրերը, այլ նաև ԽՍՀՄ-ի փլուզումը։ Աշխարհը կարծես դուրս եկավ այս երկբևեռ պայքարից, իսկ անորոշությունը, թե ինչպես կձավորվի նոր աշխարհը, ավելի շատ լավատեսական էր։

Սրա մասին էին խոսում նաև հայտարարությունները․ 1991թ․-ին Խաղաղության Նոբելյան մրցանակի իր ելույթում Միխայիլ Գորբաչովը հայտարարեց, որ «գլոբալ միջուկային պատերազմի վտանգը գործնականում վերացել է»։ Պատմաբանները պատկերացնում էին, որ Սառը պատերազմի ավարտը կհանգեցնի միջուկային դարաշրջանի կործանման՝ նոր դիվանագիտության և սպառազինությունների վերահսկման պայմանագրերի ֆոնին:

Սակայն այս լավատեսական և հուսադրող նպատակներն ու հնարավորությունները ոչ միայն չիրականացան, այլև ընդհակառակը՝ իրավիճակն այնքան է սրվել, որ այն համեմատվում է Կարիբյան ճգնաժամի հետ: 1990-ականների վերջից գերտերությունների միջև հարաբերությունների զգալի վատթարացմանը, սպառազինությունների վերահսկման համակարգի ոչնչացմանը, չտարածման նորմերի խախտումներին ավելացավ Ուկրաինայի պատերազմը։ Միջուկային դարաշրջանում հիմնական նորմերը, որոնց հիմքում ընկած էր միջուկային զսպումը, չօգտագործումը և չտարածումը, գտնվում են վտանգի  տակ:

Միջուկային զենքի զսպան տեսությունը, որի համաձայն՝ միջուկային զենքի առկայությունը կողմերից մեկում մյուսին հետ է պահում առաջինի կողմից միջուկային զենքի կիրառումից, ինչ-որ չափով խարխլվում է։ Միջուկային զսպման տեսության հիմքում ընկած է ոչ թե այն հարցը, թե ով է հաղթելու միջուկային պատերազմում, այլ թե ինչպես խուսափել դրանից։  Ըստ այդմ՝ միջուկային զենքն ավելի շատ դիտարկվել է ոչ թե տակտիկական, այլ ռազմավարական միջոց՝ պատերազմներ չսկսելու, իսկ ավելի հստակ՝ երրորդ համաշխարհայինը զսպելու համար։ Այն խթանում էր ռազմավարական պաշտպանությունը, այլ ոչ հարձակումը։

Չնայած նրան, որ զսպան տեսությունը մինչև այժմ գործում է, սակայն դրա կիրառման մասին խոսակցությունները բավականին ակտիվացել են։ Շատ տեսաբաններ դեռևս 70-ականներին նշում էին, որ միջուկային զենքի կուտակումները «միջուկային պատերազմը կդարձնեն մաթեմատիկական որոշակիություն», այսինքն վաղ թե ուշ այն «պայթելու» է։

Ռուսաստանի և Ուկրաինայի մեիջև բախումները նորից ակտիվացրեցին միջուկային պատերազմի թեման․ դրանք ինչ-որ տեղ «ուռճացված» են, ինչ-որ տեղ «թերագնահատված»։ Դեռևս 2022 թվականի փետրվարին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ պատրաստության մեջ դրեց ռազմավարական զսպման ուժերը, որոնց թվում է միջուկային զենքը, իսկ սեպտեմբերին նա զգուշացրեց արևմտյան երկրներին միջուկային զենքով Ռուսաստանին շանտաժի ենթարկելու մասին։ Politico-ն ավելի ուշ հայտնեց, որ Միացյալ Նահանգները լրջորեն է վերաբերվում Մոսկվայի հայտարարություններին և ուժեղացնում է Ռուսաստանի ռազմավարական զսպման ուժերի հսկողությունը: Միաժամանակ Սպիտակ տունը հայտարարում է միջուկային զենքի կիրառման դեպքում գործողությունների ծրագրի պատրաստման մասին։

Խոսելով նման սպառնալիքի մասին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեռևս իր ամենակոշտ գնահատականում հայտարարել է, որ աշխարհն ամենամոտն է միջուկային աղետին վերջին 60 տարում։ Արևմուտքը բազմաթիվ մեղադրանքներ է հնչեցնում Ռուսաստանի դեմ՝ նշելով,  որ ՌԴ-ն պատրաստվում է այն կիրառել, դրան ի պատասխան՝ ՌԴ նախագահ Վ․ Պուտինը նշում է, որ Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման մասին Արևմուտքի կեղծ մեղադրանքներով Արևմուտքը ուզում է Ռուսաստանի դաշնակիցներին հեռացնել նրանից և ցույց տալ՝ ինչ սարսափելի երկիր է Ռուսաստանը։

Ռուսաստանը ևս իր հերթին մեղադրանքներ է հնչեցնում այն մասին, որ Արևմուտքը ցանկանում է միջուկային զենքով զինել Ուկրաինային։ Այդ հակասությունն ավելի սրվեց, երբ  Ուկրաինայի նախագահ Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարեց Բուդապեշտի հուշագրից հրաժարվելու իր երկրի պատրաստակամության մասին, որը երաշխավորում է Ուկրաինայի ոչ միջուկային կարգավիճակը։

Ընդհանրապես, 1991 թվականին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, Ուկրաինայում մնացին հազարավոր միջուկային մարտագլխիկներ, սակայն երկիրը համաձայնեց դուրս բերել խորհրդային զենքը, 1992 թվականին  ստորագրեց Լիսաբոնի արձանագրությունը և 1994 թվականին, համապատասխանաբար, միացավ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին՝ որպես ոչ միջուկային պետություն:

Տեսականորեն, հնարավոր է Ուկրաինայում տեղադրել միջուկային զենք, սակայն դա այնքան էլ  իրատեսական չէ։ Խոսակցություններն այն մասին, որ եթե Ուկրաինան ունենար միջուկային զենք, ապա պատերազմ չէր լինի, ոչ այդքան համոզիչ են։ Եթե հիմնվենք զսպան տեսության վրա, ապա հնարավոր է սա բացատրել, որ կողմերի անորոշությունը, թե պատերազմի դեպքում երկրներից մեկը կարող է մյուսի դեմ միջուկային զենք օգտագործել, կզսպեր երկրներին։

Չնայած դրան, կա Քաշմիրի օրինակը, որի համար հակամարտության մեջ են երկու միջուկային զենք ունեցող երկրներ, սակայն սա այդքան էլ չի զսպում պատերազմը երկու երկրների միջև 1999թ-ին երկու երկրները, երբ տիրապետում էին միջուկային զենքին, պատերազմի մեջ մտան միմյանց հետ, սա չի խանգարում, որ մինչ հիմա լարվածություն ու փոխհրաձգություն տեղի ունենա սահմանին։

Չնայած նման մեղադրանքներին՝ միջուկային զենքը այն քիչ բաներից է, որի շուրջ ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարողանում են համաձայնության գալ։ Չնայած նրան, որ Դոնալդ Թրամփը հայտարարում էր դուրս գալ հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին երրորդ պայմանագրից, սակայն Բայդենը 2021թ-ին երկարաձգեց «Ստարտ 3» ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը:

Ավելին, արդեն Ուկրաինայում պատերազմի ընթացքում, 2022 թվականի օգոստոսի 1-ին, Սպիտակ տունը հայտարարեց Ռուսաստանի հետ աշխատելու պատրաստակամության մասին միջուկային սպառազինությունների վերահսկման նոր համակարգի ստեղծման ուղղությամբ, իսկ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ համաձայնագիրը «գործելու է այն տեսքով, որով ստորագրվել է, առանց որևէ փոփոխության, լրացման, մինչև 2026 թվականի փետրվարի 5-ը»։

Ամեն դեպքում, միջուկային զենք կիրառելու մասին մեղադրանքները դեռևս ինֆորմացիոն պատերազմի մի մասն են կազմում։ Արևմուտքը՝ չնայած ահռելի օգնություն է ցույց տալիս Ուկրաինային, սակայն բացեիբաց խուսափում է մտնել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ․ սրա մասին խոսում են թե՛ Եվրամիությունը, թե՛ ԱՄՆ-ը, այդ թվում՝  նրանց անվտանգային  երաշխիք ՆԱՏՕ-ն։ Սա կապված է նաև միջուկային զենքի կիրառման վտանգի հետ․ այն դեռ շարունակում է ունենալ զսպման ռազմավարական նշանակություն, և ամեն դեպքում, աշխարհը այդքան էլ մոտ չէ Կարիբյան ճգնաժամին, միայն դեռ այն պատճառով, որ ԱՄՆ-ը ուղիղ պատերազմի մեջ չէ Ռուսաստանի հետ։

35692