ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։

Քննարկման ընթացքում ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ճշտեց, թե արդյոք կապարակնքված ապրանքը, որն անցնում է մաքսային հատվածով, երկու երկրների մաքսային կետով էլ սքաների միջով անցնելու կարիք չի ունենա՝ հաշվի առնելով հագեցվածությունը այդ հատվածում։  

Հարցին ի պատասխան՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը նշեց, որ նախագիծն ընդհանրապես միտված է մաքսային հսկողության միջոցները նվազեցնելուն՝ ոչ միայն սքանավորման, այլև բոլոր տեսակի միջոցները։

Խաչատուր Սուքիասյանը առաջարկեց ԱԺ-ի հնարավորությունները՝ նախագիծը արագ կյանքի կոչելու համար։ Նա նաև առաջարկեց վիդեոնկարահանման հատված ունենալ, քանի որ Վրաստանը ոչ ԵԱՏՄ անդամ է և կարող  է նման ցանկություն ունենալ՝ տեսնելու, թե ինչ է բեռնվում։

Մուրադյանը նշեց, որ վիդեոտարբերակի մասին չեն քննարկել, սակայն կդիտարկեն այն։ Նա հավելեց, որ ՌԴ-ի և Վրաստանի հետ արդեն պայմանավորվածության են եկել և վրացական կողմի հետ ըստ էության խնդիր չունեն։

 

ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին հարց ուղղեց․ «Միջազգային հեղինակավոր աուդիտորական կազմակերպությունների հետ ինչպիսի  փոխհարաբերություն պետք է լինի, ի՞նչ եք կարծում իրենց աուդիտորական գործունեության արդյունքում տված փաստաթղթին ինչպես՞ն ենք վերաբերվելու։ Ի՞նչ  պետք է անենք, որ մեր հայկական գրանցում ունեցող կազմակերպությունները կամաց-կամաց մոտենան միջազգային կազմակերպություններին իրենց որակով։ Հայաստանում գրանցած կազմակերպությունները կամ հայկական ծագում ունեցող ոչ միջազգային կազմակերպությունները ունեն ցանկ, թե դրանցից որոնք են, որ մոտենում են միջազգային հեղինակավոր աուդիտորական  կազմակերպությունների  որակին» -  Սուքիասյանի խոսքով, սա կարևոր է  հասկանալու համար, թե ինչ է կատարվում շուկայում և ինչ է լինելու ապագայում։

«ՀՀ աուդիտի շուկան գնահատվում է շուրջ 3 միլիարդ՝ բյուջեի առումով և բավական բևեռացված է, այն իմաստով, որ այդ 3 միլիարդի 70 տոկոսը վերաբերում է խոշոր քառյակին, հիմա արդեն խոշոր եռյակին։ Մենք պետք է մի կողմից ապավինենք խոշոր եռյակին, իրենց բարձր պրոֆեսիոնալիզմին և  փորձենք այն տեղայնացնել մեր ազգային ընկերություններում, մյուս կողմից հնարավորություն  տանք, որ ազգային ընկերությունները կայանան և իրական մրցակիցներ  դառնան աշխարհում հայտնի կազմակերպություններին»,- ի պատասխան նշեց Արման Պողոսյանը։ 

Սուքիասյանը նաև անդրադարձավ  «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) եւ ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցին․ նա փորձեց ճշտել, թե արդյոք, երբ չհիմնավորված գումարով ոչ ռեզիդենտը հայտնվում է սահմանին, ինչ գործիքներից ենք օգտվում։

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցանը պատասխանեց, որ նախ պետք է հիմնավորի ծագման աղբյուրը․ չհիմնավորման դեպքում մի քանի տարբերակ կա՝ առաջին դեպքում ոչ ռեզիդենտը չի կարողանում գումարը երկիր մտցնել, երկրոդում՝ այն իրավապահ մարմիններին է փոխանցվում և գումարը անմիջապես սառեցվում է։

Սուքիասյանը վերոնշյալի հետ կապված առաջարկեց. ելնելով ՀՀ շահերից՝ այն  համակարգել այնպես, որ ոչ հայտնի ծագում ունեցող գումարը մնա ոչ թե ինչ-որ մեկի սեյֆում, այլ ՀՀ-ի  համար նախատեսված որևէ հաշվեհամարին՝ մինչև իրավական որոշումը լինի։


655