Պերուում մի կին էր ապրում, որը համարվում է ամենաերիտասարդ մայրը բժշկության պատմության մեջ՝  նա իր առաջնեկին լույս աշխարհ է բերել 5 տարեկանում։ Հետագայում Լինա Մեդինան խուսափում էր լրատվամիջոցների հետ հարցազրույցներից, ոչ հրապարակային անձնավորություն էր, ապրում էր համեստ և երբեք չէր բացահայտում իր կյանքի գլխավոր գաղտնիքը, որը տանջում էր շատերին՝ ով է իր երեխայի հայրը։ Բայց սա նրա միակ առեղծվածը չէ.

Ինչպես երեխան երեխա ունեցավ

1933 թվականին աղքատ գյուղում ծնվել է սովորական թվացող աղջիկ։ Եվ 1939 թվականի մայիսի 14-ին նա մայրացավ, երբ 5 տարեկան 7 ամսական էր։ Սկզբում ոչ ոք չգիտեր նրա հղիության մասին. ծնողները նրան բժշկի են տարել հենց այն պահին, երբ աղջկա փորիկը կլորացել է։ Ծնողները  մտածել են, թե ուռուցք է։ Բժիշկները, սակայն, արձանագրեցին անհավանականը՝ փաստորեն, Լինան հղիության յոթերորդ ամսում էր։

Բժիշկ Խերարդո Լոսադան աղջկան տարել է մայրաքաղաք Լիմա՝ լրացուցիչ հետազոտության, և այնտեղ հաստատվել է հղիությունը։ Ավելի ուշ պարզվել է, որ վաղ տարիքում Լինայի մոտ տեղի է ունեցել հորմոնալ խանգարում, ինչի հետևանքով նրա սեռական հասունացումը շատ վաղ է տեղի ունեցել։ Ութ ամսականում նրա մոտ դաշտան է սկսվել, 4-ում՝ կաթնագեղձերի զարգացում, իսկ 5 տարեկանում արդեն մեծացավ կոնքը։ Ինչեւէ, նա դեռ փոքր էր, եւ բնական ծննդաբերություն հնարավոր չէր։ Լինային կեսարյան հատում է արվել, արդյունքում ծնվել է 2700 գրամ քաշով առողջ տղա։ Նրան անվանել են Ջերարդո՝ ի պատիվ Լինայի բուժող բժշկի:

Տարբեր էին վարկածները, թե ով կարող է լինել Լինայի երեխայի հայրը։ Նրա հարազատներն ասում էին, որ աղջկան կարող էին բռնաբարել գետի վրա, որտեղ նա գնացել էր հագուստ լվանալու. տանը դա նրա պարտականությունն էր։ Լրատվամիջոցները գրել են նաեւ, որ տեղի բնակիչները ծիսական օրգիաներ են կատարել, եւ աղջիկը, հնարավոր է, դրանց զոհը լինել։ Ոստիկաններն անգամ ձերբակալել են աղջնակի հորը` բռնաբարելու կասկածանքով, սակայն հետո նրան ազատ են արձակել։

Նա որդուց երկար ապրեց

Լինան աշխատել է որպես քարտուղարուհի Լոզադայի կլինիկայում (Լիմա), որտեղ նրան օգնել են ուսման հարցում, իսկ որդուն տեղավորել ավագ դպրոցում: Չափահաս տարիքում նա ամուսնացավ Ռաուլ Խուրադոյի հետ, 1972 թվականին ծնվեց նրանց որդին, Լինան այդ ժամանակ 39 տարեկան էր: Ընտանիքն ապրում էր Լիմայի ամենաաղքատ շրջաններից մեկում, որը հայտնի էր որպես Չիկագո Չիկո («փոքր Չիկագո»)։ Լինայի առաջնեկը մանուկ հասակում կարծում էր, թե Լինան ոչ թե իր մայրն է, այլ քույրը։  Ջերարդոն մահացավ 1979 թվականին ոսկրածուծի հիվանդության պատճառով։

Ինչպես  մահացավ Լինան

Լինա Մեդինայի առեղծվածներից մեկը, ըստ համացանցի օգտատերերի, նրա մահվան հանգամանքներն են։ Նա մահացել է 2015 թվականի նոյեմբերի 8-ին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նա հիվանդանոց է ընդունվել սրտի կաթվածով։ Սակայն դժվար է տեղեկություն գտնել, թե ինչ հանգամանքներում է նա սրտի կաթված ստացել։ Լինայի մահվան մասին նույնիսկ լրատվամիջոցները սկսեցին գրել միայն հաջորդ տարվա հունվարին։ Նա 82 տարեկան էր։

Հայտնի չէ նաև, թե ինչպես են նրա ամուսինն ու երկրորդ որդին արձագանքել վաղ ծննդաբերության պատմությանը։

2259