
Կառավարությունն առաջարկում է 2023 թ.-ից սկսած 3 տարվա ընթացքում ներդնել Հայաստանի ռեզիդենտ քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում երեք փուլերով ներդնել միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգ: Համակարգի ներդրմամբ՝ 2025 թվականի հաշվետու տարվա համար 2026 թվականին հայտարարագիր պետք է ներկայացնեն ՀՀ ռեզիդենտ բոլոր քաղաքացիները:
Նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա պարզաբանեց, որ հայտարարագրում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը, օրինակ՝ հարկային գործակալի կողմից հաշվարկված եկամուտների և վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:
Նախագծով առաջարկվում է հայտարարագրման համակարգը ներդնել երեք փուլով՝ 2023, 2024 և 2025 թվականներին՝ ըստ հայտարարատու անձանց խմբերի:
Այսպիսով 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են 2022 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության բաժնետեր-փայատեր, անդամ, ռեզիդենտ հանդիսացող քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն, քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում եկամուտներ են ստացել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից.
2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն՝ 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված ՀՀ ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
բ. 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած՝ սույն պարբերության 1-ին կետում չնշված Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, 2025 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները:
Նախագծերի նպատակը Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումն է:
Արձագանքելով նախագծին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախագծով նոր հարկեր չեն առաջանալու: «Սա շատ կարևոր քայլ ենք անում: Նման քայլերի տրամաբանությունը թերևս բխում է մեր գաղափարական այն արձանագրումից, որ պետությունը և ՀՀ-ն կարող է հարատևել միայն նրա քաղաքացիների՝ պետություն ունենալու կամքի առկայության վրա»,- ասաց նա և նշեց, որ հենց այդ ինստիտուտը այդ կամքի արձանագրումն է: