ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Փաշինյանի և Ալիևի հետ Բլինքենի հեռախոսազրույցների մասին լրագրողի հարցին։

Լրագրողը մասնավորապես նշել է, որ Բլինքենը կողմերին հորդորել է համաձայնության գալ հետագա բանակցությունների շուրջ՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան։ «Դուք գիտե՞ք, թե ինչ մակարդակով է նա ցանկանում, որ կողմերը հաջորդ անգամ հանդիպեն, և կա՞ արդյոք ինչ-որ վերջնաժամկետ»,- հետաքրքրվել է լրագրողը։

Հարցին ի պատասխան՝ Պատելը նշել է, որ չգիտի, թե կա ինչ-որ վերջնաժամկետ: «Այն, ինչ ես կասեմ, սա է, որ այս հարցում պետքարտուղարի շարունակական ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի հանդեպ ԱՄՆ հանձնառության ուղղակի արդյունքն է: Չեմ կարծում, որ կարող եմ դրանից ավելին առաջարկել, բայց այն մի բան է, որին, իհարկե, այս ամբողջ շենքը և պետքարտուղար Բլինքենը մեծ ուշադրություն են դարձնում, և, ի վերջո, մենք հավատում ենք, որ ուղղակի երկխոսությունը լուծման բանալին է, և այդ իսկ պատճառով մենք շարունակում ենք խորապես ներգրավված լինել այս հարցում»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակը։

924