Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն այսօր՝ նոյեմբերի 28-ին ընդունել է Հունաստանի խորհրդարանի պատգամավորներին:Այս մասին տեղեկանում է խորհրդարանի կայքից:

«Դուք Հայաստանում եք մեզ համար շատ դժվար ժամանակաշրջանում: Հայաստանը կանգնած է տարածաշրջանային մարտահրավերների առջև»,-ողջունելով հյուրերին ասել է Եղոյանը:

Արման Եղոյանը ներկայացրել է իրավիճակը Հայաստանում և Արցախում, անդրադարձել սահմանային լարվածությանը, խոսել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից: Նա կարեւորել է աշխարհաքաղաքական դժվարին ժամանակներում սերտ եւ արդյունավետ փոխհարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:

Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ Պերիկլիս Մանտասը, Անաստասիոս Բարձոկասը և Կոնստանտինոս Զախարիադիսը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար կարևորել են Հայաստանի հետ հարաբերությունների սերտացումը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Սոնա Ղազարյանը և Արսեն Թորոսյանը:

328