
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ հերքելով մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած այն հրապարակումը, թե պոչամբարում պայթյուն է եղել: ԶՊՄԿ-ի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Այսօր մամուլում տեղ գտած հրապարակումները ԶՊՄԿ պոչամբարում իբր «պայթյունի» վերաբերյալ՝ ապատեղեկատվություն է եւ չի համապատասխանում իրականությանը։ Պոչամբարի «պայթյուն» ԶՊՄԿ-ում երբեք տեղի չի ունեցել, եւ վստահ չենք, արդյոք նման լուրեր տարածողները պատկերացնում են, թե ինչ բան է «պոչամբարի պայթյունը» եւ ինչ հետեւանք կարող է ունենալ նման մասշտաբի աղետի մասին կեղծ լուրերի տարածումը Հայաստանում եւ Հայաստանից դուրս։ Հետեւաբար, լրատվամիջոցների մեր գործընկերներից ակնկալում ենք նման դեպքերում չնպաստել կեղծիքի տարածմանը եւ տեղեկատվությունը ճշտել ԶՊՄԿ-ի հետ։ Միշտ պատրաստ ենք տրամադրել իրական պատկերը, ինչը եւ անում ենք ստորեւ։
ԶՊՄԿ-ում տարիների ընթացքում մի քանի անգամ տեղի է ունեցել պոչատարից արտահոսքի դեպք։ Վերջին անգամ նման դեպք գրանցվել է ավելի քան երկու ամիս առաջ՝ ս/թ-ի հոկտեմբերի 13-ին։ Օպերատիվ գործողությունների արդյունքում աղտոտման տարածումը կանխվել է։ Արտահոսքի մասին տեղեկացվել են ՀՀ Սյունիքի մարզի Բնապահպանության և Ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչները։
Նախկինում՝ (2017-2021) պոչատարից տեղի ունեցած վթարների քանակը հինգն են, որոնց դեպքում աղտոտման է ենթարկվել Ողջի գետը և հարուցվել է քրեական գործ (մեկ դեպքում)։