Ջրի սակագները սահմանվելու են 1 տարի ժամկետով, ինչպես նախատեսված է վարձակալության պայմանագրով: Այս մասին կառավարության նիստից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով ջրի սակագնին։ 

«Սուբսիդավորումն էլ կլինի մեկ տարի ժամկետով»,– ասաց նա և նշեց, որ ոչ միայն բնակչության համար են սակագները սուբսիդավորվելու, այլև, ենթադրվում է, բոլոր սպառողների համար: Նա նշեց, անկախ ամեն ինչից՝ պարբերաբար հսկվում են սպասարկման որակը և նախատեսվում են տուգանքներ։

Ինչ վերաբերում է Էլեկտրաէներգիայի գումարի վերանայման հարցին,  մասնավորապես՝ սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագնին, նա ասաց, որ վերանայման գործընթաց է սկսված, վերջնական փոփոխություն կլինի, թե ոչ՝ այս պահին չի կարող ասել:

«Այս պահին վերանայման գործընթաց է սկսված, բայց այս պահին ասել չեմ կարող։ Մեկ շաբաթ-տասը օրից պարզ կլինի. երբ որ վերջնականացնենք էլեկտրաէներգիայի արտադրության հաշվեկշիռը»,- ասաց Բաղրամյանը:

 

641