
Նոյեմբերի 20-ին Թուրքիան սկսել է «Ճանկ-Սուր» օպերացիան, որը լայնածավալ օդային հարվածներ է հասցնում Սիրիայի հյուսիս-արևելքում: Թուրքիան խոցել է ավելի քան 265 թիրախ, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածք, ոչնչացրել է դպրոց, հիվանդանոցներ, հացահատիկի պահեստարաններ, էլեկտրաէներգիայի, ջրային և նավթային կայաններ։ Անկարայի հարձակման հետևանքով զոհվեց քսանութ մարդ, այդ թվում՝ տասնչորս խաղաղ բնակիչ:
Ամենաապշեցուցիչը ԱՄՆ-ի գլխավորած` ԴԱԻՇ-ին ոչնչացնելու համար կոալիցիայի համատեղ բազայի վրա օդային հարվածն էր` ԱՄՆ անձնակազմից ընդամենը 130 մետր հեռավորության վրա: ԱՄՆ-ը կոչ էր արել դեէսկալացիա սկսել, սակայն Թուրքիան շարունակում էր օդային հարվածներ հասցնել անվտանգության ուժերին, որոնք հսկում են Ալ-Հոլ ճամբարը և բանտը:
Թուրքիայի նախագահը հայտարարեց Սիրիայի հյուսիս ցամաքային ներխուժման ծրագրերի մասին։ 2018 և 2019 թվականների թուրքական ներխուժումների ժամանակ մի քանի կազմակերպություններ արձանագրել են սարսափելի վայրագություններ, երբ թուրքական և Թուրքիայի կողմից աջակցություն ստացող ուժերը հալածում էին կրոնական և էթնիկ փոքրամասնություններին, այդ թվում՝ եզդիներին, քրիստոնյաներին և քրդերին, հատկապես կանանց: Ռազմական հանցագործությունները շարունակվեցին նույնիսկ ներխուժման ավարտից հետո, վայրագությունները շարունակվում էին այն տարածքներում, որոնք վերահսկվում էին Թուրքիայի կողմից աջակցվող իսլամիստ զինյալների կողմից:
Չնայած Թուրքիան պնդում է, որ ավելի արդյունավետ գործընկեր է ԻՊ-ի դեմ պայքարում, սակայն ակնհայտ է, որ Անկարան մեղսակից է եղել խմբավորման աճին։ Փաստորեն, Սպիտակ տան Մերձավոր Արևելքի համակարգող Բրեթ Մաքգուրքը 2019 թվականին հայտարարեց, որ 40,000 օտարերկրյա գրոհայիններ, որոնք միացել են ԴԱԻՇ-ին, ժամանել են Թուրքիայի տարածքով։ Ավելին, ԴԱԻՇ-ը գրեթե ոչնչացվել էր 2019 թվականին Թուրքիայի ներխուժումից առաջ, սակայն Անկարայի հարձակումները ԴԱԻՇ-ին թույլ տվեցին վերադառնալ:
Թուրքիայի տնտեսությունը փլուզվում է, և այժմ Էրդողանի հեղինակությունն ընկել է: Նա օգտագործում է «ահաբեկչության» կեղծ սպառնալիքը հաջորդ տարվա ընտրություններից առաջ աջակցություն հավաքելու համար, թեև Սիրիայի կողմից սահմանային հարձակումներ չեն եղել:
ԱՄՆ-ը չպետք է թույլ տա, որ Էրդողանի ստերը որպես պատրվակ օգտագործվեն Սիրիա ներխուժելու համար։ Հենց Թուրքիան է սպառնալիք ներկայացնում Սիրիայում ազատության, խաղաղության և անվտանգության համար։ ԱՄՆ-ը և միջազգային հանրությունը Սիրիա ներխուժման հետևանքները պետք է հնարավորինս ծանր դարձնեն Թուրքիայի համար։