«Ոսկե գնդակի» ներկայիս սեփականատեր Կարիմ Բենզեման իր ծննդյան օրը հայտարարել է, որ ավարտում է կարիերան Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

«Ես ջանքեր եմ գործադրել և սխալներ եմ արել, որպեսզի լինեմ այն, ինչ կամ այսօր: Ես հպարտ եմ դրանով: Ես գրել եմ իմ պատմությունը, իսկ մերն ավարտվում է»,- գրել է 35-ամյա Բենզեման՝ հրապարակելով ազգային հավաքականի մարզաշապիկով իր լուսանկարը։ 

Բայց, աղբյուրի համաձայն՝ 35-ամյա ֆրանսիացի հարձակվողը կարող է վերադառնալ հավաքական, եթե Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը լքի իր պաշտոնը, իսկ նրա տեղը զբաղեցնի Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը։ Դեշամի ապագան հավաքականում կորոշվի առաջիկա շաբաթների ընթացքում՝ 2023 թվականի հունվարին մասնագետը կհանդիպի Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՖՖՖ) ղեկավարության հետ։ 

 

Հիշեցնենք, որ Բենզեման վնասվածք էր ստացել ԱԱ-2022-ի մեկնարկի նախօրեին և չկարողացավ ելույթ ունենալ Կատարի մրցաշարում։ Ֆրանսիայի հավաքականը Դեշամի գլխավորությամբ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ, որում պարտվեց Արգենտինայի հավաքականին (3:3, 2:4՝ 11 մետրանոցներով):

940