Դերասանի մասնագիտությունն ընտրեցի պատահական՝ վերջին վայրկյանին։ Գնում էի թատերական ինստիտուտ՝ Պարարվեստի ռեժիսուրա բաժնում գործերս տալու։ Ճանապարհին հանդիպեցի դասախոսներիցս մեկին, ով ասաց՝ «առանց այդ էլ 10 տարի պարարվեստում ես, ուրիշ բան փորձիր, օրինակ՝ դերասանական արվեստ»։ Հաշվի չառնելով, որ նա ընդամենը իմ մարմնամարզության դասախոսն էր, լսեցի և գործերս թողեցի դերասանական արվեստ բաժնում։ Տան ճանապարհին՝ 259 համարի ավտոբուսի մեջ, արդեն պատրաստում էի Օսկարի մրցանակաբաշխության հաղթական տեքստս, հանկարծ հիշեցի, որ քննություններին մնացել է մեկ ամիս ու բատման տանձյուի իմացությունն ինձ այլևս չէր փրկի Կաֆկայի չիմացությունից՝ մեկ, և երկրորդ՝ նորմալ չէ, որ դերասանը լեզվի արատ ունի ու «ս» տառն ասում է այնպես, կարծես բերանում տաք կարտոֆիլ լինի։ Հետևաբար մեկ ամսում անելով գրեթե անհնարինը՝ քարը գլորեցի սարն ի վեր, ճանապարհին բարևեցի Սիզիփոսին և հասա գագաթին։ Ընդունվեցի թատերական ինստիտուտի դերասանական բաժին։
Առաջին դերս երևի թե նկատի ունեք խոսքով, որովհետև ես նաև Բալետի դիպլոմավորված արտիստ եմ և մինչ թատերական ինստիտուտ ընդունվելն արդեն փորձ ունեի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում խաղալու, որովհետև ասացի չէ՝ ես Բալետի դիպլոմավորված արտիստ եմ (ժպտում է)։ Առաջին դերս ստացա ճիշտ պահին ճիշտ վայրում հայտնվելու շնորհիվ։ Քանի որ «Մորաքույրը Փարիզից» ներկայացման մեջ Սամվելի կերպարը մարմնավորող դերասանն ավելի ճիշտ պահին և ավելի ճիշտ վայրում էր հայտնվել, գնում էր Ամերիկա, իսկ կուրսից կերպարային առումով ես էի համապատասխանում այդ դերին, Նարեկ Դուրյանն ընտրեց ինձ, իհարկե նաև սիրուն աչքերիս համար էլ (ժպտում է)։ Ինչ վերաբերվում է ապրումներին, դեռ չեմ պարզել, սպասում եմ հոգեբանիս պատասխանին (ժպտում է)։ Իրականում ապրումները բերեցին նրան, որ ես ամեն բեմ բարձրանալուց ունենում եմ ... իսկ թե ի՞նչ եմ ունենում, կպատմեմ մոնո ներկայացմանս ժամանակ, երբ ունենամ (ժպտում է)։ Թատրոնի դերասանի համար առանձնահատուկ հատկանիշ գոյություն չունի։ Կան մարդկային հատկանիշներ, որոնք ցանկացած գործում են պետք. սիրել այն, ինչ անում ես, հավատալ այն ամենին, ինչ անում ես, սովորել նրանցից, ովքեր վաղուց են այդ գործում, և գտնել քո յուրահատուկ այն կետը, որը թույլ կտա քեզ տարբերվել։ Իհարկե թատրոնի դերասանների և ընդհանրապես հանրային մարդկանց համար գլխավոր խնդիրն իրենց աստղ չհամարելն ու իրենց՝ դեռ կենդանի, արդեն երկնքում չտեսնելն է։
Պետք է թվարկե՞մ ներկայացումները, որտեղ խաղում եմ։ Եկեք այս մասը տրամադրենք գովազդին. մուտք գործեք boheme-theater.am կայք և հետևեք թատրոնի խաղացանկին։ Կարող եք նաև ամրագրել տոմսեր, ինչպես նաև ձեռք բերել օնլայն։ Ունենք նաև առաքում, իսկ մեր առաքիչի ժպիտը ձեր աչքերին կվերադարձնի բոլոր գույները (ժպտում է)։ Ինչպես ասում է մաեստրո Ռաֆայել Երանոսյանը, թե գաք «Բոհեմ», կասեմ՝ գոհ եմ։ Ստացված և սիրված դերը կարծում եմ՝ պետք է ասի հանդիսատեսը։ Բայց ես էլ լավ գիտեմ՝ «Շերոժ»-ի կերպարն է։ Ավելին ասեմ՝ Շերոժին նույնիսկ մեր տանն ավելի շատ են սիրում, քան ինձ։ Բայց ինձ համար ստացված և սիրված դերը 《Անտանիք ընտանիք》ներկայացման Նվարդ տատիկի դերն է։ Պիեսի վրա աշխատել եմ 2 տարի և վերջապես արդեն հասել ենք փորձերին։ Բեմում շա՜տ սիրված դերասաններ են, ու ինձ թվում է, որ հանդիսատեսին կարողանում ենք ներկայացնել որակով և, ինչպես հիմա ընդունված է ասել, «ահավոր ծիծաղալու» կատակերգություն։