Աշխարհի եռակի չեմպիոն Պելեին վերջին հրաժեշտ տալու եւ հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով Բրազիլիա ժամանած Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է աշխարհի բոլոր երկրներում Պելեի անվան ստադիոններ ունենալու մտադրության մասին։

«Մենք մտադիր ենք բոլոր երկրների ֆեդերացիաներին խնդրել մեկական ֆուտբոլային ստադիոն անվանել Պելեի պատվին, քանի որ ես հավատում եմ՝ ապագա սերունդները պետք է իմանան, թե ով է Պելեն եւ ինչ ուրախություն է սփռել ամբողջ աշխարհում»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստը մահացել է դեկտեմբերի 29-ին 82 տարեկանում։ Բրազիլիայում հայտարարվել էր եռօրյա սուգ։ Պելեն պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, որը երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն (1958, 1962, 1970)։

Հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 3-ին Պելեի հայրենի Սանտուսի  Memorial Necrópole Ecumênica-ում, որն աշխարհի ամենաբարձր գերեզմանատունն է։

1242