
2022 թվականի նոյեմբերից Թուրքիան սկսել է ԱՄՆ-ի կողմից մշակված սառը պատերազմի կասետային զինամթերքի մատակարարումն Ուկրաինային։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Foreign Policy ամսագիրը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի եւ եվրոպացի պաշտոնյաներին։
Ըստ աղբյուրների՝ խոսքը, այսպես կոչված, կատարելագործված ստանդարտ երկակի նշանակության զինամթերքի մասին է, որոնք արտադրվել են Թուրքիայում Սառը պատերազմի տարիներին՝ ԱՄՆ-ի հետ համատեղ արտադրության համաձայնագրով։ Դրանք, ի թիվս այլ բաների, նախատեսված են զրահատեխնիկա ոչնչացնելու համար: Բացի այդ, ինչպես ընդգծում է ամսագիրը, դրանք կարող են օգտագործվել խրամատներում աշխատուժին ջախջախելու համար, ինչը կարող է առավելություն լինել Դոնբասի բաց տարածքներում հարվածների ժամանակ։
Ինչպես նշում է թերթը, Կիևը նախկինում մի քանի ամիս փորձել էր Վաշինգտոնից ստանալ նման զինամթերքի մատակարարում, սակայն ԱՄՆ-ն ներկայումս չի կարող նման զինամթերք արտահանել այլ երկրներ, քանի որ դա արգելված է ԱՄՆ օրենսդրությամբ։ Միաժամանակ ԱՄՆ-ը, ինչպես Թուրքիան, չի ստորագրել 2008-ի կասետային զինամթերքի մասին կոնվենցիան, որն արգելում է նման զենքի օգտագործումը, փոխանցումը և պահեստավորումը։ Ուկրաինան և Ռուսաստանի Դաշնությունը նույնպես չեն ստորագրել այս կոնվենցիան։
«Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հրաժարվեց Ուկրաինային կասետային զինամթերք տրամադրել, Թուրքիան միակ վայրն էր, որտեղից նրանք կարող էին ձեռք բերել դրանք», - ասել է աղբյուրներից մեկը: «Դա ուղղակի ցույց է տալիս, թե ինչպես է Թուրքիան, թեև փորձում է որոշ առումներով հաճոյանալ Ռուսաստանին, բայց միևնույն ժամանակ դառնում է Ուկրաինային իսկապես կարևոր ռազմական աջակցություն ցուցաբերողը»,- գրել է աղբյուրը։
Պարբերականը նշում է, որ կատարելագործված ստանդարտ երկակի նշանակության զինամթերքը, որը կարելի է կրակել սովորական հրետանուց, 10 անգամ ավելի մեծ վնաս է հասցնում, քան զինամթերքը, որն ԱՄՆ-ն մատակարարում է Ուկրաինային։ Յուրաքանչյուր նման արկ պարունակում է 88 հարվածող մասեր։ Սակայն եթե դրանցից մի քանիսը կրակելուց անմիջապես հետո չպայթեն, կարող են երկար տարիներ վտանգ ներկայացնել հատկապես խաղաղ բնակչության համար։ Այդ պատճառով դրանց օգտագործումից հետո մարտադաշտը մաքրելը ներառում է ականազերծման համալիր գործողություններ: Հենց այս պատճառով է, որ ամերիկյան օրենքները ներկայումս արգելում են նման զինամթերքի արտահանումը, քանի որ դրանք համարվում են վտանգավոր։