Այսօրվա դրությամբ, ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի բանկային հաշիվներին համապատասխան մուտքեր չեն գրանցվել: Այս մասին Araratnews.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են «Հայաստան» համահայկական հիմնադրամից: Հիշեցնենք, որ 2022 թ. դեկտեմբերի 29–ին ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական նամակ է հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որում ցանկություն է հայտնել Հանրապետության պաշտոնաթող նախագահի համար օրենքով նախատեսված և հասանելիք հատուկ կենսաթոշակի՝ 2022 թվականի ողջ գումարը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ հաջակցություն Արցախի համար նախատեսված ծրագրերի: «Այսօրվա դրությամբ, ՀՀ 4-րդ նախագահի կողմից Հիմնադրամի բանկային հաշիվներին համապատասխան մուտքեր չեն գրանցվել։ Նվիրատվության ստացման դեպքում «Հայաստան» հիմնադրամը կտեղեկացնի հանրությանը և կհրապարակի նվիրատվության գումարի չափը»,- ասված է Հիմնադրամի պատասխանում:

Araratnews.am-ը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ևս հարցում էր ուղարկել՝ իմանալու համար, թե փոխանցվել է արդյոք գումարը, որքան է կազմել և արդյոք հնարավոր է նման փոխանցում անել, երբ քաղաքացին ՀՀ-ում չէ: «Հաշվի առնելով անձնական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումները՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չունի իրավասություն երրորդ անձի փոխանցել գրությամբ հայցվող տեղեկությունը»,- ասված է նախարարության պատասխանում:

Նկատենք, որ ՀՀ քաղաքացիներն իրենց թոշակներն ստանալու ժամանակ պարտավոր են տարին մեկ անգամ լինել Հայաստանում և ներկայանալ սոցապվարչություն: Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանն արդեն մեկ տարուց ավելի է՝ Հայաստան չի այցելել, ավելին, Սարգսյանը մեկնել է Հայաստանից և իր հրաժարականի մասին հայտարարել օտար երկրից: Հարց է առաջանում, այդ ինչ թոշակ է Արմեն Սարգսյանն ուղարկել Համահայկական հիմնադրամին, եթե նա մեկ տարուց ավելի է՝ Հայաստանում չի ապրում: Արմեն Սարգսյանն իր խոստումը՝ այն է իր կենսաթոշակը հիմնադրամին փոխանցելու համար պարտավոր է գալ Հայաստան, ներկայանալ սոցապվարչություն, ստանալ նախորդ տարվա թոշակը և այն ուղարկել հիմնադրամին, այլապես կստացվի հերթական կեղծ խոստումը:

781