Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հարգում է Վրաստանի կարողությունը դիմակայելու Արևմուտքի ճնշմանը, որը պահանջում է միանալ հակառուսական պատժամիջոցներին։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես Վրաստանը, ինչպես և գրեթե բոլոր երկրները, գտնվում է Արևմուտքի ճնշման տակ, որը պահանջում է միանալ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներին։ Եվ այն, որ փոքր երկիրն ու նրա կառավարությունը համարձակություն ունեն ասելու, որ առաջնորդվելու են սեփական շահերով և իրենց տնտեսության շահերով, հարգանք է պահանջում»,- ասել է Լավրովը 2022 թվականի աշխատանքի արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում։
Արտգործնախարարը նաեւ հայտարարել է, որ Արեւմուտքը փորձում է խոչընդոտել Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Վրաստանի միջեւ երկխոսությանը։ Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև ժնևյան քննարկումների արևմտյան մասնակիցները՝ Եվրամիությունը, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԱՄՆ-ը, փորձում են երկխոսության այս ձևաչափը դարձնել Ուկրաինայի շուրջ տեղի ունեցողի պատանդը, հայտարարել է Լավրովը։

«Սա անպարկեշտ է, կարծում եմ՝ ոչ պրոֆեսիոնալ, նշանակում է, որ նրանք կոնկրետ խնդիրներ են կատարում կոնկրետ տարածաշրջանում՝ պայմանավորված իրենց քաղաքական դժգոհություններով և քմահաճույքներով», - ասել է Լավրովը։
Ժնևի քննարկումների վերջին՝ 56-րդ փուլը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերին։ Հաջորդը սպասվում է 2023 թվականի փետրվարին։

388