Քաղաքական պատասխանատվության մասին կխոսենք, երբ որ դեպքի մանրամասները կպարզվեն: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի ՊՆ N  զորամասի կացարանում բռնկված հրդեհին, որը  15 զինվորի կյանք է խլել:

«Բայց մենք էլ ցավալիորեն պետք է նշենք, որ ողբերգական դեպքերից հետո նոր մի շարք խնդիրներով սկսում ենք մտահոգվել, զբաղվել, խոսքը բոլորին է վերաբերում:  Գոյություն ունեն օրենքներ, կանոնակարգեր, որոնց պահպանման դեպքում նման ողբերգալի դեպքեր չենք ունենա»,- ասաց նա:

Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ ողբերգական դեպք է տեղի ունեցել, և պետք է ուսումնասիրել մանրամասները: «Պաշտպանության նախարարը քաղաքական պատասխանատուն է, և իշխանությունը, բոլորս ենք քաղաքական պատասխանատուն, բայց դա չի նշանակում, որ մենք միանգամից փորձենք գտնել քավության նոխազներ և փորձենք ամեն ինչ փաթաթել մեկ մարդու վզին: Մենք պետք է ուսումնասիրենք և պատասխանատվության ենթարկենք բոլոր նրանց, ում պատասխանատվության տիրույթում է եղել այս ամենը»,- ասաց նա:

Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ բոլոր ազատված պաշտոնյաների պատասխանատվության տիրույթում են գտնվում հրդեհային անվտանգության հարցերը:

520