
ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց, թե 2023 թվականին ինչ կարգի գործողությունների արդյունքում կարղ ենք նախատեսված աճը և դրանից ավելին ապահովել:
«Արդյոք դուք տեսնում եք այդ ճյուղերը կամ գործիքները, փոփոխությունները, թե մենք պետք է այդ փոքր աճերով շարունակենք: Նոր ի՞նչ գեներացիա ապահովող ճյուղեր եք տեսնում: Օրինակ, իմ կարծիքով, եթե մի ջերմոցում ունենք 300 հեկտար, ապա թող լինի 700, քանի որ դա գործող մեխանիզմ է: Ուզում եմ հասկանալ, թե 2023 թվականին մեզ համար ինչ կարգի թռիչքներ կարող եք ապահովել այս կամ այն ոլորտում, որոնք դանդաղ զարգացել են կամ մի պահ մեր ուշադրության կենտրոնում չեն եղել»,- ասաց նա:
Վահան Քերոբյանը առանձնացրեց գլխավոր ուղղությունները և նշեց, որ շարունակում են տեսնել ՀՀ գործող ընկերությունների արտադրողականության ավելացման անհրաժեշտություն:
Խաչատուր Սուքիասյանը անդրադարձավ աշխատաշուկային՝ նշելով, թե ինչ է արվում «արևածաղիկ ուտողներին» աշխատանքում ներառելու համար:
Վահան Քերոբյանն ասաց, որ մի տարվա մեջ 47 հազար նոր աշխատատեղ է բացվել, ինչը ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, «արևածաղիկ չրթողները» գնում են աշխատելու: