Հայաստանի բենզինի շուկայում կարելի է ասել՝ աննախադեպ փոփոխություններ են տեղի ունենում։ Վերջին երկու-երեք ամիսների ընթացքում բենզինի մեկ լիտրի գինը նվազել է ավելի քան 200 դրամով և այսօր արդեն այն վաճառվում է 310-320 դրամով՝ նախկին 520-530 դրամի փոխարեն։
Բնականաբար, բենզինի գնի նվազման վրա ազդում է նաև դոլարի արժեզրկումը։ Սակայն նախկինում նույնպես եղել են դեպքեր, երբ դոլարը բավական արժեզրկվել էր, սակայն բենզինի գինը շատ չնչին էր նվազել։
Այսօր բենզինի գնի նվազմանը հիմնականում նպաստել է այս շուկայի ազատականացումը, որը տեղի է ունեցել վերջին երկու-երեք տարիների ընթացքում։
Հայտնի է, որ մինչև 2018 թվականի հեղափոխությունը, բենզինի շուկան խիստ սահմանափակ էր և այդ շուկայում տեղ ունենալու համար նախևառաջ պետք էր տեղ ունենալ իշխանական բարձր վերնախավի շրջապատում, իսկ նրանք, ովքեր այդ շրջապատում տեղ չէին ունենում՝ զրկված էին բենզին ներկրելուց կամ վաճառելուց, և այդպես էր բոլոր ոլորտներում։
Երկու- երեք տարի առաջ բենզինի շուկայում հայտնվեց նոր խաղացող՝ ի դեմս Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Սիլ Կոնցեռնի», որը ձեռք բերեց «Ռան-օյլ» ընկերությունը։ Այս լուրը հայտնի դառնալուց հետո, ընդդիմադիր և հիմնականում դեղին մամուլը սկսեց հերթական կեղտոտ արշավը «Սիլ Կոնցեռնի» և Սուքիասյանների ընտանիքի դեմ։ Մամուլը չհիմնավորված և կեղծ լուրեր էր տարածում, թե իբր Սուքիասյանների ընտանիքը փորձում է բենզինի շուկայում մենաշնորհ հաստատել։
Տարիներն անցան, իսկ Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Ռան-օյլ» ընկերությունն այդպես էլ մենաշնորհային չդարձավ շուկայում։ Փոխարենը, այդ ընկերության շնորհիվ, վառելիքի շուկայում իսկական առողջ մրցակցություն սկսվեց, որի շնորհիվ վառելիքի գները սկսեցին նվազել։
Սա աննախադեպ էր նրանով, որ նախկինում բենզինի գները շուկայի խաղացողները միասին համաձայնեցված էին ձևավորում՝ բարձրացնում կամ չնչին իջեցնում։ Իսկ այսօր «Ռան-օյլ» ընկերությունը «ստիպեց» շուկայի մասնակիցներին մրցակցել և ոչ թե պայմանավորվել ի վնաս սպառողների։
Բենզինի շուկայի օրինակն այսօր թերևս լավագույնն է ցույց տալիս, թե որքան կարևոր է շուկայի ազատականացումն ու առողջ մրցակցությունը։ Այս մրցակցությունից շահում է որակը, շահում է սպառողը, շահում է պետությունը։ Այս պարագայում չեն շահում միայն կեղծ և վարկաբեկող լուրեր տարածողները, որոնց համար կարևորը ոչ թե քաղաքացին է, այլ իրենց անձնական շահը, որը փաթեթավորում են կեղծ հայրենասիրությամբ։
Մկրտիչ Իսրայելյան
Աղբյուրը` Զարկերակ լրատվական