Մենք մեր զգացումներն արտահայտել ենք հայերենով,
արտահայտել ենք այնպիսի երաժշտական մտածողությամբ,
որը համապատասխանում է հայերենին:
Ամեն լեզու ոչ միայն հնչյունաբանություն է,
այլև աշխարհընկալման համակարգ:
Թումանյանի Գիքորը հարցնում՝ ինչպե՞ս է իրենց Ծաղիկ կովը:
Ամեն հայի համար սա Թումանյանի Գիքորի Ծաղիկ կովն է,
անթարգմանելի՞, թե՞ թարգմանելի, բայց մեծապես հարազատ:
Տիգրան Մանսուրյան
Այսօր մաեստրո Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է. լրանում է սիրված կոմպոզիտորի 84-րդ տարեդարձը։
Մաեստրոն ծնվել է 1939 թվականին Բեյրութում։ 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան, որտեղ էլ ապրում է առ այսօր։
Երաժշտություն սկսել է գրել՝ դեռեւս չիմանալով նոտաները։ Նրա ստեղծագործությունները հայ երաժշտարվեստի բացառիկ ու անփոխարինելի նմուշներից են։ Մանսուրյանի սահմանած նշաձողը` թե՛ որպես հայ, թե՛ որպես երաժիշտ, անհասանելի է։
Հատկապես մեծ ժողովրդականություն են վայելում մաեստրոյի ստեղծագործությունները` գրված ֆիլմերի համար, ինչպիսք են՝ «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Աշնան արևը»:
Մեծն գրող Հրանտ Մաթևոսյանը մի առիթով Մանսուրյանի մասին ասել է. «Տիգրանով իմ սերունդը իր խոսքն է խոսում նորոգ ու նորօրյա մշակույթի տաճարում: Առանց Տիգրանի` իմ սերունդը միայն համր ուխտավոր էր լինելու...»:
Շնորհավոր ծնունդդ, սիրելի Մաեստրո։
* * *
Մանսուրյանը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և արվեստի վաստակավոր գործիչ է, ՀՀ ժողովրդական արտիստ: Նրա պարգևների շարքում են ՀԼԿԵՄ մրցանակը, ՀՀ պետական մրցանակը, Պատվո շքանշանը և շատ այլ մրցանակներ: